Գլխավոր Լրահոս

Մունդիալ 2014. առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

Մունդիալ 2014. առաջին տուրի խորհրդանշական հավաքականը

Eurosport-ը կազմել է Աշախարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ՝ Քեյլոր Նավաս (Կոստա Ռիկա)

Կոստառիկացի դարպասապահն ամբողջ մրցաշրջանի ընթացքում փայլեց Իսպանիայի առաջնությունում, այժմ էլ հրաշալի խաղ ցուցադրեց Ուրուգվայի դեմ խաղում: Նրա դարպասը խաղից չկարողացան գրավել ո՛չ Էդիսոն Կավանին, ո՛չ Դիեգո Ֆորլանը, ոչ էլ Ուրուգվայի հավաքականի մյուս աստղերը: 11 մետրանոցից բաց թողած գոլում նա մեղք չուներ, դրա փոխարեն Նավասը երկու անգամ փրկեց իր թիմին՝ դառնալով հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Աջ պաշտպան՝ Մատեո Դարմիան (Իտալիա)

Առաջին տուրի կենտրոնական խաղերից մեկի (Անգլիա - Իտալիա) ժամանակ «Նապոլիի» պաշտպանն ամբողջությամբ խաղից դուրս թողեց անգլիացիների առաջատար Ուեյն Ռունիին, ով հանդիպման ընթացքում ստիպված փոխեց եզրը: Բացի այդ, Դարմիանն ակտիվորեն մասնակցում էր իր թիմի հարձակվողական գործողություններին:

Կենտրոնական պաշտպան՝ Հեկտոր Մորենո (Մեքսիկա)

Թեև Ջովանի դոս Սանթոսը երկու գոլ խփեց, որոնք անհասկանալի պատճառով չհաշվեցին, Օրիբե Պերալտայի գոլը հաղթանակ պարգևեց Մեքսիկային, Կամերունի հետ խաղի իսկական հերոսը Հեկտոր Մորենոն էր: Կենտրոնական պաշտպանը 76 անգամ դիպել է գնդակին, ինչը նման հորդառատ անձրևի պայմաններում, անհավանական ցուցանիշ է: Մորենոն 89% ճշգրիտ փոխանցումներ է կատարել, իսկ խաղավարտին մոտ նրա կատարած սահանկումը մեկնաբանության կարիք չունի:

Կենտրոնական պաշտպան՝ Ջոն Բրուքս (ԱՄՆ)

Բրուքսը չէր խաղա Գանայի դեմ, եթե ամերիկացիների հիմնական կազմի պաշտպան Մեթ Բեսլերն առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք չստանար: Նա ընդամենը չորրորդ հանդիպումն էր անցկացնում իր հավաքականում, բայց դա Ջոնին չխանգարեց ինքնակորույս նետվել Ասամոա Գյանի ու Քևին-Փրինս Բոատենգի հարվածների տակ, իսկ հետո խփել նաև իր թիմի հաղթական գնդակը: 

Ձախ պաշտպան՝ Շիմե Վրսալկո (Խորվաթիա)

Վրսալկոն ընդամենը 22 տարեկան է, բայց Բրազիլիայի դեմ խաղի առաջին իսկ րոպեներից նա ամրոց էր կառուցել խորվաթական պաշտպանության ձախ եզրում և ահեղ մրցակիցներից ոչ մեկին ներս չէր թողնում: Օսկարը, Հալքը Պաուլինյոն ու Նեյմարն անընդհատ փորձում էին անցնել երիտասարդ պաշտպանից, սակայն ապարդյուն:

Ձախ կիսապաշտպան՝ Դեյլի Բլինդ (Հոլանդիա)

Հոլանդացի կիսապաշտպանը Իսպանիայի դեմ խաղում ամբողջությամբ գրավել էր ձախ եզրը, հասցնում էր նաև օգնել իր թիմի հենակետայիններին՝ պայքարելու Ալոնսոյի, Չավիի ու Ինիեստայի դեմ: Իսկ սեփական կիսադաշտից նրա կատարած երկու գոլային փոխանցումները դեռ երկար կհիշվեն. մի դեպքում Ռոբին Վան Պերսին խփեց իր կարիերայի լավագույն գոլերից մեկը, մյուս դեպքում Արիեն Ռոբենը միայնակ մնաց Կասիլիասի առջև:  

Վալոն Բեհրամի (Շվեյցարիա)

Էկվադորի դեմ խաղում բոլորը սպասում էին, որ ընդմիջումից հետո Բեհրամին կփոխարինվի, բայց Շվեյցարիայի փորձառու մարզիչ Օտմար Հիթսվիլդը որոշեց նրան թողնել խաղադաշտում ու չսխալվեց: Հանդիպման վերջին վայրկյաններին Բեհրամին սեփական տուգանային հրապարակում մրցակցից խլեց գնդակը, անցավ ամբողջ խաղադաշտը և սկսեց իր թիմի գոլային գրոհը, որը հաղթանակ պարգևեց Շվեյցարիային:

Օսկար՝ կենտրոնական կիսապաշտպան (Բրազիլիա)

Մունդիալ 2014-ի բացման խաղից հետո երկրպագուները երկու մասի էին բաժանվել: Մի մասը պնդում էր, որ լավագույնը Նեյմարն է, մյուս մասն առավելությունը տալիս էր Օսկարին: Վերջինս ամբողջ հանդիպման ընթացքում ճշգրիտ փոխանցումներով սրում էր խաղը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում նաև գոլի հեղինակ դարձավ՝ ամրապնդելով Բրազիլիայի հաղթանակը:

Աջ կիսապաշտպան՝ Արիեն Ռոբեն (Հոլանդիա)

4 տարի առաջ Աշխարհի առաջնության եզրափակչում Ռոբենը միայնակ մնալով Իկեր Կասիլիասի առջև չկարողացավ գրավել նրա պաշտպանած դարպասը, իսկ Հոլանդիան պարտվեց: Այս անգամ նա անկասելի էր. սկզբում գերազանց եզրափակեց Բլինդի փոխանցումը, ապա 37 կմ/ժ արագություն զարգացնելով շրջանցեց իրենից մեկ մետր առաջ գտնվող Սերխիո Ռամոսին ու դուբլ ձևակերպեց:

Ենթահարձակվող՝ Թոմաս Մյուլլեր (Գերմանիա)

Պորտուգալիայի հետ խաղում Մյուլլերը հանդես եկավ որպես իսկական առաջատար և դարձավ Մունդիալ 2014-ի առաջին հեթ-տրիկի հեղինակը

Հարձակվող՝ Ռոբին Վան Պերսի (Հոլանդիա)

Մինչև Իսպանիայի դեմ հանդիպումը, ոչ ոք չգիտեր՝ ինչ սպասել վնասվածքից նոր ապաքինված Ռոբին Վան Պերսիից, ինչպես նաև ամբողջ Հոլանդիայի հավաքականից: Խաղից հետո բոլորին պարզ դարձավ, որ Հոլանդիան ֆավորիտների թվում է, Վան Պերսին էլ առաջնության ռմբարկու դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Իսկ ֆուտբոլային աշխարհը դժվար թե մոռանա նրա անհավանական ցատկն ու առաջին գոլը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում