Քաղաքացիական ծառայության խորհուրդը ֆինանսների նախարարությունում ուսումնասիրություններ է իրականացնում` կապված աշխատակիցների կրճատման հետ: Այս մասին հունիսի 19-ին` մինչ կառավարության նիստի մեկնարկը, լրագրողներին ասաց քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով` ներկայում ուսումնասիրվում է, թե աշխատակիցների կրճատումը որքանով է համապատասխանում քաղաքացիական ծառայության օրենքի պահանջներին: Նա նշեց, որ ֆինանսների նախարարության տված պարզաբանումը համապատասխանում է իրականությանը:
«Հասկանալի է, որ երբ տեղի է ունենում երկու խոշոր կառույցների միավորում, տեղի է ունենում նաև որոշ աշխատակիցների կրճատում, քանի որ այդ երկու կառույցներում գործել են միևնույն ստորաբաժանումները»,- ասաց Բադալայնը:
Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե ֆինանսների նախարարությունում զանգածային կրճատումներ են: Անդրադառնալով նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության փակմանը` Բադալյանը նշեց, որ «այդ ստորաբաժանումը լուծարվել է, նման ծառայություն այլևս գոյություն չունի, և հասկանալի է, որ աշխատակիցները պետք է կրճատվեին»:
Վերջերս աշխատանքից ազատվել էր ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ողջ կազմը՝ 50 աշխատակից՝ տեսչության պետից մինչև վարորդ։ Մինչ այդ ֆինանսների նախարարությունում աշխատանքից ազատվել էր իրավաբանական վարչության ողջ անձնակազմը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները։
Ինչպես մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին աշխատանքից ազատելու դեպքում, ֆինանսական վերահսկողության տեսչություն դեպքում ևս աշխատակիցներին ազատելը պատճառաբանվել է վերակազմակերպումով։
Ֆինանսների նախարարության տեսչության աշխատակիցները պնդում են, որ իրենց ազատել են անձնական պատճառներով: ՍիվիլՆեթի հետ զրույցում անունները հրապարակել չցանկացող աշխատակիցներն ասացին, որ իրենց ասվել է՝ կադրերի ռեզերվից չեն վերադառնալու աշխատանքի, քանի որ հաստիքը չի համարվելու քաղաքացիական ծառայության պաշտոն։
Ըստ գործող կարգի՝ եթե տեսչության հաստիքները համարվեն քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա աշխատանքից ազատված մասնագետները կարող են մասնակցել դրանց համալրման մրցույթներին։
Civilnet











