Մունդիալ 2014-ը հերթական անգամ ապացուցեց, որ ֆուտբոլը պարզապես խաղ չէ: Այն կարող է կարևոր քաղաքական հանդիպումներ հետաձգել, մինչև անգամ միջուկային ծրագրերին վերաբերող: Այս օրերին Ֆուտբոլով հետաքրքրված են բոլորը, WikiLeaks-ի հիմնադիրը նույնպես բացառություն չէ: Ստորև ներկայացնում ենք Sports.ru-ի պատրաստած ֆոտոշարքը:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը այցելել է իր երկրի հավաքականի մարզաբազա և Ալեքսիս Սանչեսի մարզաշապիկն է նվեր ստացել: Ճիշտ է, նա Բրզիլիա գնալու համար սուր քննադատության է արժանացել Չիլիի խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից, ովքեր կարծում են, որ Բլաշետն անտեղի ժամանակ է վատնել:

Վիենայում ֆուտբոլի պատճառով անգամ ընդհատվել է Իրանի և «վեցյակի» միջև ընթացող բանակցությունների հերթական փուլը՝ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ: Ասիայի ներկայացուցիչներն այդ ընթացքում դիտել են Նիգերիայի դեմ հանդիպումը:

Իրանի Նախագահ Հասան Ռուհանին այդ կապակցությամբ հանրության առջև ներկայացել է ոչ պաշտոնական հագուստով: Նա հանդիպումը դիտել է Թեհրանում:

Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը, ինչպես բոլոր խորվաթները, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի աչքի առջև բողոքում էր ճապոնացի մրցավարի կողմնակալ վերաբերմունքից:

Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլերմո Սոլիսը Բրազիլիա չի մեկնել, սակայն իր երկրի հավաքականի հաղթանակի ժամանակ չի կարողացել կրքերը զսպել հեռուստացույցի առջև: Սոլիսն Ուրուգվայի դեմ խաղը դիտել է իր ընտանիքի անդամների հետ: Հանդիպումից առաջ նա անգամ կանխատեսել է, որ Կոստա Ռիկան հաղթելու է 2:1 հաշվով: Լուսանկարում Սոլիսը մատներով ցույց է տալիս այդ հաշիվը:

Խաղից հետո Սոլիսը տեղադրել է ևս մի քանի լուսանկար, որոնցում երևում է՝ ինչպես է նախագահը թռչկոտում հեռուստացույցի առջև: «Անլուծելի խնդիրներ չկան, երբ մենք ամբողջ սրտով նվիրվում ենք մեր գործին: Չի կարելի հանձնվել, եթե անգամ բոլոր հանգամանքները քեզ դեմ են: Շնորհակալություն մեր թիմին՝ հիշեցնելու համար, որ յուրաքանչյուր երզանք կարող է իրագործվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոստա Ռիկայի նախագահը:

Բելգիայի համար Աշխարհի առաջնությունն էլ ավելի կարևորվեց, երբ հավաքականի մարզումներից մեկն իրենց ներկայությամբ պատվեցին թագավորական ընտանիքի ներկայացուցիչները՝ արքա Ֆիլիպն ու Մատիլդա թագուհին:

Այնտեղ են եղել նաև թագաժառանգերը՝ արքայազն Էմանուելը, արքայադուստր Էլեոնորան, արքայազն Գաբրիելն ու արքայադուստր Ելիզավետան

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով արդեն երկու տարի է ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը (քաղաքական ապաստան են տվել), երկրպագում է հենց Էկվադորի ընտրանուն: «Էկվադորն արժանի է Աշխարհի առաջնությունը հաղթելուն, նրանք շատ լավ ու ամուր հավաքական ունեն»,- ասել է Ասանժը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն ու ՖԻՖԱ-ի ղեկավար Զեպ Բլատերը չեն էլ կարող չհետևել Մունդիալին:

Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ոչ միայն այցելել է Անգլիայի հավաքականի մարզաբազա, այլև պաշտպանել է երկրպագուների շահերը՝ պահանջելով նվազեցնել մարզաշապիկների գները (90 ֆունտ ստերլինգ):

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Բրազիլիա էր մեկնել Գանայի դեմ հանդիպումը: ԱՄՆ-ի հաղթանակից հետո Բայդենը չհամբերեց և շտապեց հանդերձարանում շնորհավորել իր երկրի հավաքականի ֆուտբոլիստներին:

Ստորև կարող եք տեսնել Մունդիալ 2014-ի ամենավառ և դրական լուսանկարներից մեկը. Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրն ու Մաքսիմա Թագուհին հանդերձարանում նշում են իրենց հավաքականի հաղթանակը Ավստրալիայի նկատմամբ:

Դե իսկ Գերմանիայի Կանսլեր Անգելա Մերկելը հայտնի ֆուտբոլային երկրպագու է:
Civilnet











