Գլխավոր Լրահոս

Ո՞վ Սուարեսին նվիրեց Աշխարհի առաջնությունը

Ո՞վ Սուարեսին նվիրեց Աշխարհի առաջնությունը

Մունդիալ 2014-ի մեկնարկից առաջ ուրուգվայցիները միաբերան պնդում էին, որ իրենց երկրի հավաքականը Աշխարհի առաջնության ֆավորտների թվին է դասվում և նրանց բոլորի հիմնական հույսը «Լիվերպուլում» ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրած Լուիս Սուարեսն էր: Սակայն մայիսի 21-ի երեկոյան սվորական մարզման ժամանակ Սուարեսը ծնկի լուրջ վնասվածք ստացավ: Նույն օրը լրատվամիջոցները հայտնեցին, որ Սուարեսը պետք է վիրահատվի և ստիպված է բաց թողնել Մունդիալ 2014-ը: Ավելի վատ նորություն ուրուգվայցի երկրպագուների համար դժվար էր պատկերացնել:

Մայիսի 22-ին Սուարեսը շտապ լազերային վիրահատության ենթարկվեց: Վիրահատության ժամանակ հիվանդանոցի բակում բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել: Երբ Լուիսին սայլակով դուրս բերեցին հիվանդանոցից, դրսում հավաքված բազմաթիվ երկրպագուները սկսեցին բղավել նրա անունը՝ քաջալերելով ֆուտբոլիստին: Շուտով հավաքականի բժշկական անձակազմը հանգստացրեց ուրուգվայցիներին՝ հայտարարելով. «Լուիսը Բրազիլիայում խաղալու բոլոր հնարավորություններն ունի», բայց ոչ ոք երաշխիք չէր տալիս, քանզի նման վիրահատությունից հետո ապաքինման համար 4-6  շաբաթ է անհրաժեշտ:

Մայիսի 23-ին Սուարեսը հանդիպեց 63-ամյա ֆիզիոթերապևտ Վալտեր Ֆերեյրայի հետ: Ֆերեյրան անմիջապես հատուկ վերականգնողական ծրագիր մշակեց ու սկսեց տնային պայմաններում աշխատել Սուարեսի հետ:  Ֆերեյրան պայքարում է ուռուցքի դեմ և նոր էր քիմիոթերապիայի կուրս անցել, այդ պատճառով չէր կարող Լուիսի հետ աշխատել մարզաբազայում:

«Շնորհակալ եմ մարզիչներին, որ թույլատրեցին Լուիսի հետ աշխատել նման պայմաններում: Ես չէի կարող գնալ մարզաբազա, Լուիսն ինքն էր գալիս իմ տուն: Շնորահակալություն նրան՝ նման էներգիայի համար, շնորհակալություն ընտանիքիս ու բժիշկներին, ովքեր պայքարում են առողջությանս համար: Խոսքերս չեն բավականացնում հույզերս արտահայտելու համար»,- ասել է Ֆերեյրան:

10 օր անց Սուարեսը սկսեց այցելել մարզասրահ, 15 օր անց նա արդեն վազում էր, 16-րդ օրն աշխատում էր գնդակի հետ: Թիմի բժիշկներն ու մարզիչները սկսեցին հատուկ ծրագրով նրան պատրաստել Անգլիայի դեմ խաղին: Երբ երեկ խաղից մեկ ժամ առաջ Ուրուգվայի մեկնարկային կազմում տեսանք Սուարեսի անունը, պարզ դարձավ, որ Ֆերեյրան իրականացրել է հրաշքը:

Սուարեսը մտնում է խաղադաշտ ու առաջին իսկ հարվածից հետո դառնում է գոլի հեղինակ: Իսկ ինչպես նա նշեց այդ հաջողությունը, ականատեսներից ոչ-ոք երբևէ չի մոռանա այդ հուզիչ տեսարանը: Գոլից հետո Լուիսը վազեց դեպի պահեստայինների նստարանը ամուր գրեկց Ֆերեյրային, պարզեց աջ ձեռքն ու մի քանի անգամ մատնացույց արեց իրեն Աշխարհի առաջնությունը նվիրած մարդուն: 

Ուրուգվայում քչերը գիտեն, որ Ֆերեյրան ուռուցք ունի, բայց Սուարեսին բուժելու համար նա անգամ իր քիմիոթերապիայի կուրսն էր հետաձգել:

«Աշխարհում ամենակարևոր մարդիկ ինձ համար կինս ու երկու երեխաներս են: Այժմ արդեն ամենակարևոների թվում նաև Ֆերեյրան է: Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Եթե նա չլիներ, ես այստեղ չէի լինի»,- Անգլիային հաղթելուց հետո ասաց Լուիս Սուարեսը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում