Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթն ամենապահանջված և ամենաճանաչված մարզական մրցանակն է աշխարհում:
Առաջին գավաթը «Ժյուլ Ռիմեն» էր, որը ՖԻՖԱ-ն 1946 թվականին կոչել էր աշխարհի առաջնության հիմնադրի անունով: ՖԻՖԱ-ն գավաթի պատրաստումը հանձնարարել էր ֆրանսիացի քանդակագործ Աբել Լաֆլորին: Գավաթը պատկերում էր հաղթանակի աստվածուհուն, որն իր գլխի վերևում պահում է ութանկյուն նավ: Այն ոսկուց էր, հիմքը զարդարված էր կիսաթանկարժեք քարերով:
Ժյուլ Ռիմեի գավաթը իրադարձություններով լի պատմություն է ունեցել: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գտնվում է Հռոմում՝ մի մահճակալի տակ: 1966 թվականին Անգլիայում ցուցադրության ժամանակ գավաթը գողանում են: Սքոթլանդ Յարդի խուզարկուները մի փոքրիկ շան օգնությամբ գտնում են այն Լոնդոնի արվարձանային մի այգում:
Ըստ ՖԻՖԱ-ի այդ ժամանակի կանոնակարգի՝ գավաթը երեք անգամ անընդմեջ հաղթողը կարող էր այն տուն տանել: Բրազիլիան էր այն երկիրը, որտեղ 1970-ին հանգրվանեց աշխարհի առաջնության գավաթը: Սակայն 1983 թվականին Ռիո դե Ժանեյրոյում գավաթը գողացան ու այն այլևս չգտնվեց: Ենթադրվում է, որ գողերը հալեցրել են ոսկեձույլ գավաթը:
1970-ականների սկզբին ՖԻՖԱ-ն հանձնարարում է պատրաստել նոր գավաթ ֆուտբոլի աշխարհի տասներորդ առաջնության խաղերի համար, որը տեղի էր ունենալու 1974 թվականին: Յոթ երկրի 53 մասնագետ է մասնակցում մրցույթին, ընտրվում է իտալացի արվեստագետ Սիլվիո Գազանիգայի նախագիծը: Գազանիգան «Բերթոնի» ընկերության գեղարվեստական ղեկավարն էր և այդ ժամանակից սկսած աշխարհի առաջնության գավաթների պատրաստման գործը հենց այս ընկերությունն է անում: Հեղինակն ուզել է ստեղծել այնպիսի գործ, որը կխորհրդանշի ջանք, արագություն և այն ուրախության զգացումը, որն ապրում է մարզիկը հաղթանակի պահին:
1974-ից մինչ օրս գավաթն ամբողջությամբ ձեռքով և նույն տեխնիկայով է պատրաստվում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը 6.1 կիլոգրամ է, պատրաստված է 18 կարատ ոսկուց՝ մալաքիթե հիմքի վրա: Այն պատկերում է երկու մարդու, որոնք պահում են երկրագունդը:
Civilnet











