Լուսանկարում` Էլիզ Սեմերջյանը:
Վաշինգտոնի «Ուիթման» համալսարանի պատմության դասախոս Էլիզ Սեմերջյանը Jadaliyya.com առցանց պարբերականում հրապարակած հոդվածում ներկայացնում է սիրիական ճգնաժամի մասին տարբեր կողմերի հակասական մեկնաբանությունները: Սեմերջյանը, մասնավորապես, գրում է, որ Քեսապի հետ կապված սիրիական ընդդիմության, կառավարության, հայկական սփյուռքի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Թուրքիայի մեկնաբանությունները հակասում էին իրար: Սեմերջյանը ներկայացրել է Թուրքիայում Քեսապի դեպքերի մասին հակասական արձագանքները, որոնք որոշ կրճատումներով ներկայացված են ստորև:
Թուրքական մամուլն իրեն քեսապահայերի փրկարար ներկայացրեց՝ նրանց անվտանգ ապաստան առաջարկելով Թուրքիայում: Hurriyet թերթը հարցազրույց ներկայացրեց երկու քույրերի` Սրբուհի և Սաթենիկ Թիթիզյանների հետ, երկուսն էլ ութսունն անց, որոնք «փրկվել էին»: Թերթը վստահեցնում էր, որ «նրանք այժմ դրախտում են»: Ընդդիմադիր գրոհայինների կողմից Թուրքիա ուղեկցվելով` քույրերը նշել են. «Ֆերմերներն ու պաշտոնատար անձինք Թուրքիայում այժմ հոգ են տանում իրենց հյուրերի մասին»: Սակայն բոլորովին այլ վկայություն ի հայտ եկավ, երբ քույրերը հարցազրույց տվեցին Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթին: Հասնելով Թուրքիայի վերջին հայկական գյուղ` Վաքըֆ, որը գտնվում է Մուսա դաղ լեռներում, բնակավայր, որը հայտնի է 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ իր հերոսական դիմադրությամբ, լրագրող Լորա Բայթարը զեկուցել էր. «Տասը մորուքավոր տղամարդիկ մտան և խուզարկեցին իրենց տունը, ասացին, որ չվախենանք: Այդ մարդիկ թուրքերեն էին խոսում, ոչ թե արաբերեն»:
Երկու կանայք հայտնել էին, որ իրենց տեղահանել են թուրքական սահման՝ չնայած որ իրենք տղամարդկանց ասել էին` ցանկանում են գնալ սիրիական նավահանգստային Լաթաքիա քաղաք: Ինչ վերաբերում է նրանց` Թուրքիայում ապրելու արձագանքի մասին, կանայք «դրախտ» բառով այն մեծարելու փոխարեն ավելի համեստ նկարագրություն էին տվել՝ ասելով, որ «նրանք պետք է գնային «ինչ-որ տեղ», քանի որ ոչ ոք չէր մնացել այնտեղ (Քեսապում)»: Կանայք Թուրքիա իրենց տեղափոխումը համեմատեցին հացի պատառի հետ. «Եթե ամբողջ աշխարհում մի պատառ հաց մնացած լիներ, մենք դա ևս կուտեինք»:
Փրկության պատմության փոխարեն «Ակօսը» հայտնում է, որ երկու կանանցից մեկին ստիպողաբար հեռացրել են Սիրիայից, իսկ ներխուժողները թուրքախոս զինյալներ են եղել: Երկու դեպքում էլ կանայք հայտնեցին, որ իրենց տան բանալին հանձնել են «մորուքավոր տղամարդկանց», իսկ «Ակօսը» ներկայացրեց նրանց տան խուզարկման վերաբերյալ մանրամասներ: Երբ «Ակօս»-ին տված հարցազրույցը վերատպագրվեց մեկ այլ տեղ` Aydınlık օրաթերթում, հարցազրույցը վերաձևակերպվեց` «Սիրիահայերը հրապարակում են Էրդողանի պատերազմական հանցագործությունները»՝ այդպիսով հստակ ուղերձ հղելով, թե ով է մեղավոր Քեսապի դատարկման մեջ:
Civilnet











