Գլխավոր Լրահոս

Միկոյանի արձանը` Արա Աբրահամյանի ստրկամտության ֆորպոստ

Միկոյանի արձանը` Արա Աբրահամյանի ստրկամտության ֆորպոստ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Անաստաս Միկոյանի արձանի առիթով մի «պանծալի» տեքստ է տպագրել «Ազգ» թերթում: Նա ցավում է, որ երևանցիները չեն ուզում քաղաքի պուրակներից մեկում տեղադրել խորհրդային կուսակցական գործչի արձանը: Միկոյանն, ըստ հիշյալ տեքստի, բազմիցս հրաժարվել է Ստալինի առաջարկից` ղեկավարել հրեշավոր ՆԿՎԴ-ն: Լավ է արել: Կա նաև գնդակահարություններին չընդդիմանալու հակափաստարկը: Ըստ Արա Աբրահամյանի, եթե Միկոյանը հակառակվեր գնդակահարությունների մասին Ստալինի որոշումներին, ընտանիքով կկորչեր Սիբիրներում կամ կգնդակահարվեր: «Միկոյանը չէր կարող հակառակվել Ստալինի կամքին և կուսակցական գծին»,- գրում է «ալամ» Ռուսաստանի հայը:

Հիմա տեսեք: Նացիստական Գերմանիայում ապրում էր մի նացիստ զինվորական` ԷսԷս-ի սպա: Նա դեռ 1943-ին չէր հավատում, որ գերմանացիները գազախցիկներում խեղդում և վառում են հրեաներին: «Մենք ոչ մի կերպ չենք կարող նման բաներ անել, մենք` գերմանացիներս»,- կոկորդ է պատռում Մոցարտի և Բախի հայրենակիցը: Որպես սպա՝ նա իր կապերի շնորհիվ հայտնվում է լեհական համակենտրոնացման ճամբարներից մեկում և իր աչքով տեսնում այն, ինչին չէր հավատում առանց տեսնելու: Անմիջապես նետվում է հրեաների հետքերը վերացնող առաջին իսկ վառարանի մեջ: Միկոյանը ոչ միայն գիտեր, ոչ միայն տեսել է: Միկոյանը հակափաստարկ է ունեցել` բա երեխե՞քս:

Արա Աբրահամյանը սխալ հենակետեր ունի Միկոյանի օգտին: Նա չի ասում, որ մարդը ազատություն չի փնտրել, որ հավատ չի ունեցել, որ եղել է Ստալինի հավատարիմ ծառայակիցը: Նա չի ասում, որ Միկոյանին պետք է փրկել արձան լինելուց, որովհետև արձանները մի օր տապալվում են: Նա Միկոյանին պաշտպանում է, որովհետև միկոյանիզմի դուռը ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում չի փակվել: Ավելի ճիշտ, Հայաստանում ուզում է բացել միկոյանիզմի դուռը: Որպեսզի բոլորը մտածեն` բա երեխե՞քս:

Արա Աբրահամյանն այսօր իր հերոսներն ունի` Պուտինը, Չիլինգարովը, ռուսական մոշչը` ԿԳԲ-ն: Հայաստանը պետք է ուտի բնավ իրեն չվերաբերող այս ստալինահեն գաղափարաբանությունը: Ինչո՞ւ: Որովհետև՝ Հայաստանն ի՞նչ է, ինչո՞վ են ուտում այդ հողը, այդ երկիրը, այդ հակամիկոյանականներին կամ վերմիկոյանականներին: Արա Աբրահամյանն իր ստրկամտության ֆորպոստն է ուզում մարմնավորել այդ արձանով: Ինքը արդեն ամբողջությամբ Ռուսաստանինն է, որտեղ ԽՍՀՄ-ը դեռ կենդանի օրգանիզմ է: Ինքն այստեղ տեսել է ֆորպոստի իր Մազութի Համոյին, գեներալ Ալոշին կամ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովին: Ինքը նրանց վրա է հենվում: Որովհետև ո՞վ է Արա Աբրահամյանը առանց «Երկիր Նաիրիի» այսպիսի գաղափարախոսների:

Եվ, իսկապես, եղբա՛յր, Հայաստանի հետ դու ի՞նչ կապ ունես: Մենք ձեր Միկոյանին տրանսֆորմացրել ենք 1991-ի սեպտեմբերի 21-ին անկախացած Հայաստանի արժեքների հետ, տեսել ենք՝ չի կպնում: Հա, մեծ է Միկոյանը (ինչո՞վ), հա, երրորդ համաշխարհային պատերազմ է կանխել (Քենեդին Օվալաձև սրահում խոտ էր ուտում), հա, ոչ մեկի գնդակահարությունը չի պահանջել (հակառակը պնդող գրավոր բազմաթիվ փաստաթղթերը կեղծ են), ընդդիմացել է Ստալինին, բեղերից է քաշել (Ստալինը թողել է այդպիսի հուշեր), Չարենցին վերադարձրել է հայ գրականության դասագրքեր (ասում են).... բայց խնդիրը անկախ Հայաստանն է: Որովհետև սեպտեմբերի 21-ը Մոսկվայում է սովորական օր: Մեր սեպտեմբերի 21-ը բեղերից քաշողներ չի սիրում, Չարենցին գնդակահարել և հերոսաբար վերադարձնել չի սիրում, մեր սեպտեմբերի 21-ը գծել է մի Հայաստան, որտեղ մարդասպանին ու մշակին պիտի տարբերեն առանց գաղափարախոսության: Ես հո գիտեմ, որ Միկոյանը «հավերժ կենդանի» է, որովհետև Հայաստանում Տարոն Մարգարյան ու Սերժ Սարգսյան են հնարավոր, բայց դու կարո՞ղ ես աջ քաշվել, տեսնենք ինչ ենք անում:

Այդ Հայաստանի հետ դու երբեք քեզանով չես խոսել («Մանկական հանրախանութը» որպես Միկոյանի արձանի նախատիպ` վկա): Բայց դու Հայաստանի թերթում հայերեն տեքստ ես տպում, հնարավոր դարձնում այդպիսի տեքստը, որովհետև ինքդ էլ չունես այն հարցի պատասխանը, թե քո եղբայրներն ի՞նչ ինստիտուցիոնալ արժեքների կրող էին, որ խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր դարձան: Կարողացել ես գրել ու տպել, որովհետև մենք էլ քեզ նման չունենք այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև ԽՍՀՄ-ի հակառակորդ ազգայնականի որդի Տարոն Մարգարյանը: Թող այս հարցերի պատասխանները տրվեն և թող Միկոյանի արձանը կանգնեցնեն հենց իմ տան մոտ: Միկոյանի կամ որևէ մեկի (թեկուզ` Հովհաննես Թումանյանի) մասին ասել «պանծալի ներկայացուցիչ», արդեն այն չէ, ինչ ուզում ենք լսել կամ իմանալ: Քո հոդվածի լեզուն անկախ Հայաստանի լեզու չէ` նրա (Անաստաս Միկոյանի - Մ.Ա.) փայլուն տաղանդը և կազմակերպչի լայն մտահորիզոնը դրսևորվեցին… և այլն: Հենց դա էլ մեզ վախեցնում է` նաիրյան երկրում ով ասես դրսևորվեց, տեղում վեր ընկնելու փոխարեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում