Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությունում հերթական անակնկալը գրանցվեց. մահվան՝ D խմբի երկրորդ տուրում Կոստա Ռիկայի ընտրանին 1;0 հաշվով պարտության մատնեց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանուն և նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
Առաջին խաղակեսի մեկնարկն անցավ հավասար պայքարում: 25-րդ րոպեից սկսած իտալացիները սկսեցին ավելի ակտիվ գործել և Մարիո Բալոտելին երկու անգամ հաշիվը բացելու գերազանց հնարավորություն ունեցավ, սակայն մի դեպքում Մարիոն շեղ հարվածեց, մյուս դեպքում Քեյլոր Նավասը փրկեց իր թիմին:
Խաղակեսի վերջնամասն անցավ Կոստա Ռիկայի առավելությամբ: 43-րդ րոպեին իտալացիները սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները մրցակցի նկատմամբ, սակայն մրցավարի սուլիչը լռեց: Այդուհանդերձ, մեկ րոպե անց Բրայան Ռուիսն առաջ մղեց իր թիմին:
Ընդմիջումից հետո Չեզարե Պրանդելիի սաներն ավելի ակտիվ էին, բայց նրանց բոլոր գրոհներում պակասում էր սրությունը: Իտալացիներն այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը և պարտություն կրեցին:
Կոստա Ռիկան երկրորդ անընդմեջ սենսացիայի հեղինակը դարձավ՝ առաջին տուրում հաղթելով Ուրուգվային, իսկ այսօր՝ Իտալիային:
Մունդիալ 2014-ի մեկնարկից առաջ բոլորը միաբերան D խումբն անվանում էին մահվան խումբ, քանի որ այնտեղ ընգրկված են Իտալիայի, Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները, իսկ Կոստա Ռիկային ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Այժմ արդեն Կոստա Ռիկան դարձել է մահվան խմբի սարսափը:
Այսպիսով, Կոստա Ռիկան վաստակած 6 միավորով խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր, Իտալիան և Ուրուգվայը 3-ական միավոր ունեն և վերջին տուրում միմյանց միջև խաղում կպարզեն 1/8 եզրափակչի մյուս ուղեգրի ճակատագիրը, Անգլիան հրաժեշտ է տալիս Մունդիալին:
Civilnet











