Էներգետիկ ոլորտում տարեսկզբից պահպանվող անկումը հունվար-մայիսին դադարել է և արձանագրվել 0,2% աճ։
Այս տարվա հինգ ամիսներին արձանագրվել է 4% տնտեսական ակտիվություն. ցուցանիշը ոչ թե Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության, այլ անցած տարվա բազայի համեստ աճի արդյունք է։ Ընդ որում, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն՝ այս տարվա հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 4%, այն դեպքում, երբ չորս ամիսների ցուցանիշը 3,6% էր, հունվար-մարտինը՝ 3,3%։
Հունվար-մայիսին տնտեսական ակտիվության 0,4 տոկոսային կետով արագացումը պայմանավորված է անցած տարվա բազայով։ 2013թ. չորս ամիսներին համապատասխան ցուցանիշը կազմել էր 7,4%, իսկ հինգ ամիսներին՝ կտրուկ նվազել՝ մինչև 5,3%։
Տնտեսական ակտիվության արագացման հետ զուգահեռ ԱՎԾ-ին հաջողվել է արձանագրել նաև տնտեսական աճ տնտեսության բոլոր ոլորտներում։
Արդյունաբերությունում հունվար-մայիսին, տարեկան կտրվածքով, արձանագրվել է 0,2% աճ՝ հունվար-ապրիլի 1,4% անկման դիմաց։ Էներգետիկ ոլորտում տարեսկզբից պահպանվող անկումը հունվար-մայիսին դադարել է և կրկին արձանագրվել 0,2% աճ։ Չորս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել էր 1,5%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում հինգ ամիսների կտրվածքով աճը կազմել է 5,1% (հունվար-ապրիլին՝ 4,1%), ծառայությունների ոլորտում՝ 3,1% (չորս ամիսներին՝ 2,8%), շինարարության ոլորտում՝ 0,5% (չորս ամիսներին՝ 0,7%)։
Առևտրի շրջանառության ծավալների աճը հունվար-մայիսին նույն մակարդակում է եղել, ինչ չորս ամիսներին՝ 5,1%։ Եվ սա այն դեպքում, երբ հինգ ամիսներին միջին աշխատավարձերն աճել են 6,7%-ով՝ կազմելով 159,4 հազ. դրամ (չորս ամիսներին՝ 159,5 հազ. դրամ), իսկ մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 3,6% (ապրիլին՝ 4,%)։
Պետական համակարգում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվար-մայիսին աճել է 5,4%-ով՝ կազմելով 138,5 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 8%-ով, մինչև 189,6 հազ. դրամ։
Այս տարվա հինգ ամիսներին արտաքին առևտրաշրջանառությանն աճել է 2,3%-ով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար։ Արտահանումն ավելացել է 3,2%-ով, մինչև 580 մլն դոլար, ներկրումն աճել 2%-ով՝ կազմելով 1,7 մլրդ դոլար։
Civilnet











