Մունդիալ 2014-ը շարունակում է ուրախացնել ֆուտբոլի երկրպագուներին: Գերմանիա – Գանա հանդիպման արդյունքը՝ 2:2 կարելի է սենսացիա համարել, սակայն հանդիպման ընթացքին հետևողներն այն անակնկալ չեն համարի:
Գանայի հավաքականը հավասար պայքար մղեց Աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտներից մեկի հետ և արժանիորեն մեկ միավոր վաստակեց:
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, թեև երկու թիմերն էլ լավ հնարավորություններ ունեին, հատկապես աֆրիկացիները:
Խաղի հաշիվը բացվեց 51-րդ րոպեին. Մարիո Գյոթցեն առաջ մղեց աշխարհի եռակի չեմպիոններին, սակայն ընդամենը 3 րոպե անց Անդրե Այուն խփեց պատասխան գոլը: 63-րդ րոպեին արդեն գանացիներն էին առջևում` Ասամոա Գյանի գոլի շնորհիվ:
Գյանի գոլից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կրկնակի փոփոխություն կատարեց` խաղադաշտ մտցնելով Բաշտիան Շվայնշտայգերին և Միրոսլավ Կլոզեին: Վերջինս 71-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` աշխարհի առաջնություններում խփելով իր 15-րդ գոլը: Կլոզեն այս ցուցանիշով հավասարվեց լեգենդար Ռոնալդոյին, գերմանացու հաջորդ գոլը ռեկորդային կլինի:
Հանդիպման վերջնամասում եվրոպացիները մեծացրին ճնշումը, սակայն այլևս գոլեր չգրանցվեցին: Գերմանիա – Գանա՝ 2:2:
Այսպիսով, Գերմանիան վաստակած 4 միավորով գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, ԱՄՆ-ը 3 միավորով երկրորդն է, Գանան առաջին միավորը վաստակեց, իսկ Պորտուգալիան դեռ միավոր չունի: G խմբի երկրորդ տուրի Պորտուգալիա – ԱՄՆ հանդիպումը կմեկնարկի հունիսի 23-ին Երևանի ժամանակով 2:00-ին:
Civilnet











