Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հունիսի 20-ին հաստատել է 32,67 միլիոն դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին: Առաջին ծրագրի շրջանակում 2011-ին ՀԲ-ն Հայաստանին տրամադրել էր 16 միլիոն դոլար վարկ: Ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունության բարելավումն էր:
ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` երկրորդ ծրագրի ներքո նախատեսվում է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը մեծածավալ արոտավայրեր ունեցող ութ մարզերի շուրջ 100 համայնքներում՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը և մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները:
«Աղքատության նվազեցման և գյուղական համայնքներում համընդհանուր բարեկեցության խթանման համար խիստ կարևորվում է արտադրողականության մեծացումն ու շուկայի հասանելիության ապահովումը գյուղացիական տնտեսությունների համար,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: -Ակնկալվում է, որ առնվազն 50 հազ. ֆերմերներ կմասնակցեն ծրագրին արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին անդամակցելու միջոցով»:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ընդգրկված 86 համայնքների հետ մեկտեղ կներառվեն մեծ հետաքրքրություն հանդես բերած նոր համայնքներ: Մոտ 100 համայնքներում կձևավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ: Ֆինանսավորումը կարող է ուղղվել հեռագնա արոտավայրեր հասնելու ու դրանք օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, սառեցման սարքավորումներով հագեցած կաթի հավաքագրման կետերի ստեղծմանը, կերարտադրության ու անասնակեր հավաքելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը և համայնքային նշանակության այլ նպատակներին: Ծրագրի շրջանակում ընտրված արժեշղթաների մասով քայլեր կձեռնարկվեն մարզային Անասնաբուժական ծառայությունների կենտրոնների և Սննդի անվտանգության պետական ծառայության կարողությունների մեծացման ուղղությամբ:
ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսիի խոսքով` ծրագիրը կօգնի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին ու վերամշակողներին բարելավել տեղական շուկայի պահանջարկը ապահովելու ու միջազգային շուկա դուրս գալու իրենց կարողությունները:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 42,67 միլիոն դոլար, որից 10 միլիոն դոլարը կազմում է Կառավարության ու շահառուների ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 9,67 միլիոն դոլարին համարժեք վարկ Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որից 3,8 միլիոն դոլարին համարժեք գումարը 1,25% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, 5,87 միլիոն դոլարին համարժեք գումարը 1,4% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 23 միլիոն դոլար փոխառություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարի ժամկետ:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր` այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,87 մլրդ դոլար գումար:
Civilnet











