Գլխավոր Լրահոս

12 կետերում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կա

Սերժ Սարգսյանի հրաժարականի գործողության ժամացույցը արդեն գործի է դրվել, և դա արել է քառյակն իր 12 կետերը հրապարակելով: Ինչպե՞ս: Մենք սովոր ենք, երբ առաջին դեմքի հրաժարականը պահանջում են փողոցներում: Մենք այսօր էլ, կամ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո օդում զգում էինք, որ քառյակի վարքում ինչ-որ մի տեղ «լողում» է Սերժ Սարգսյանի հրաժարականի ուրվականը: Բայց մենք գլխի չէինք ընկնում, թե դա հատկապես ինչպես է առարկայանալու: 12 կետերը հենց այդ հրաժարականի առարկայացումն են: Բայց առանց հրաժարական պահանջելու կոչերի:

Հրաժարական պահանջելու փոխարեն ընդդիմությունն ընտրել է մի ճանապարհ, որն արդեն հրաժարականի պահանջ է: Այսինքն, կետերից մեկով պահանջել հանել ավելացված արժեքի հարկը սահմանի վրա, կամ նվազեցնել կարմիր գծերի և արագաչափերի տուգանքները, նույնն է, որ պահանջես Սերժի հրաժարականը: Եվ բնական է, որ ՀՀԿ-ն մերժում է պահանջների կատարումը, նույնիսկ եթե դրանցից ոմանք կատարում է կամ կատարման պատրանք է ստեղծում: Սա այն է, ինչը գլխի չի ընկնում Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանը հո գլխի է ընկնում: Եվ այս հրաժարականը պահանջում է նույնիսկ ԲՀԿ-ն: Այսինքն, ընդդիմությունը քաղաքական պայքարի այնպիսի ճանապարհ է ընտրել, որտեղ ՀՀԿ-ն խաղալու այլ եղանակ չունի: Կամ պիտի կատարի ու թուլանա, այսինքն, կորցնի այլ կերպ վարվելու իմունիտետը, կամ մերժի ու հեռանա սեպտեմբերին: ՀՀԿ-ն սովոր չէ քաղաքական տեքստի: Սա է նրա պրոբլեմը: Երբ Սերժ Սարգսյանն ընդդիմության ասում է՝ ձեր 12 կետերից հանեք «պահանջում եմ» ձևակերպումը, հասկանում է, որ համագործակցության կոչ չկա 12 կետերում: Բայց ասում է հանեք «պահանջում եմ»-ը, որպեսզի հասարակությունը դրանցում համագործակցություն տեսնի, չհասցնի մտածել, որ հրաժարականի պահանջն ուրիշ կերպ չի լինում, այլ հենց այսպես, ինչպես գրել է ընդդիմությունը: Ընդդիմությունը չի էլ փորձում համագործակցության էլեմենտներ դնել 12 կետերում, եթե նույնիսկ դրանք իրականանալի են ՀՀԿ-ի համար:

Քառյակը 12 կետերը չի հրապարակել դրանք իրականացած տեսնելու համար, նա դրանք հրապարակել է ՀՀԿ-ի քաղաքական կամքի բացակայությունը մեկընդմիշտ ասպարեզ բերելու համար: Եվ դրանից հետո է, որ նա արդեն փողոցով և փաստաթղթավորված, այսինքն, բաց տեքստով, առանց «պոեզիայի», առանց նոր կետերի պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ այս մարդը դա լավ գիտի: Իշխանության մեջ ինքը միակն է, ով գիտի, որ քառյակն արդեն պահանջում է իր հրաժարականը ոչ թե 12 կետերը չկատարելու գնով, այլ հենց 12 կետերը հրապարակելու գնով: Նա գիտի, որ 12 կետերով քառյակը Տիգրան Սարգսյանին հաջորդող վարչապետի հրաժարականը չի ուրվագծում: Դա շատ ծիծաղելի և ինքնասպանության միտող կլիներ քառյակի համար: Այնպես որ, երբ լրագրողները տարակուսում են, որ 12 կետերում Սերժ Սարգսյանի հրաժարականը չկա, ճիշտ չեն: Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը գիտակցվեց, կամ առարկայացավ, երբ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը միայն խորացրել է այն անզորությունը, որի մեջ է ՀՀԿ-ն:

Հովիկ Աբրահամյանը չգիտի, որ եթե քառյակը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասավ, իրեն էլ է սրբելու և տանելու քառյակի առաջնորդներից մեկի հետ բարեկամական կապերից անկախ: Որովհետև պարոն Աբրահամյանն արդեն Սերժ Սարգսյանի հետ սպառել է հայաստանահեն գործիչ լինելու ամբողջ պաշարը: Հովիկ Աբրահամյանը չպետք է մտներ կուտակայինը նպատակային սոցիալական վճարով փոխելու Սերժ Սարգսյանի՝ միայն իրեն ու միջազգային կառույցներին հայտնի դավադրության մեջ: Այդ դավադրությունը Հայաստանի դեմ էր: Հովիկ Աբրահամյանը դրա հետ գործ չուներ: Ինքը նահանջի ճանապարհ չունի: Միակ մխիթարականն այս ամենում նրա համար այն է, որ ինքը Տիգրան Սարգսյանի նման առաջին անհրաժեշտությանն զոհ չի լինելու հետսեպտեմբերյան հրաժարականների «սպանդում»: Նա էլ կհեռանա, բայց նա արդեն իսկ Սերժ Սարգսյանի քավության նոխազն է:

Ես չգիտեմ, թե ով հատկապես որոշեց մինչև վերջին խազը խաղալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալու երազանքի հետ, բայց նա դաժան վարվեց այդ մարդու հետ, հիմա դրա ժամանակը չէր: Բայց ոչ ոք չէր կարող գուշակել, որ ամեն ինչ ավարտվելու է 12 կետերով, որոնք հիմնական հրաժարականի ոչ այնքան դանդաղ գործողության ռումբն են: Առջևում ամառ է: Պարզ է, որ սա Սերժ Սարգսյանի քրտնելու ամառն է, որովհետև ՀՀԿ-ում չկա երկրորդը, գոնե ինտելեկտուալ առումով, ով նրա նման պետք է քրտնի հասկանալու համար, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակի տակից: Դե ինչ, թող քրտնի: Այդ ինքը, և ոչ թե ես, Սևանում ունի ամառանոց, որտեղ կարող է և մտածել և լողալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում