Այս տարվա մայիսին տարեկան կտրվածքով ներկման ծավալներն ավելացել են 4,3%-ով, իսկ մաքսատուրքի գծով մուտքերն աճել միանգամից 46,6%-ով։
Ֆինանսների նախարարությունը հինգ ամիսներին պետբյուջե է հավաքագրել լրացուցիչ 18,8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Կիսամյակային ցուցանիշն ապահովելու համար հունիսին անհրաժեշտ կլինի հավաքագրել հավելյալ ևս 7,2 մլրդ դրամ։
Այս տարվա հինգ ամիսներին ֆինանսների նախարարության կողմից պետբյուջե հավաքագրված հարկերի և պետտուրքի ծավալը կազմել է 407,6 մլրդ դրամ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4,8%-ով կամ 18,8 մլրդ դրամով։ Պետբյուջեի հարկային մուտքերը ծրագրային ցուցանիշների հետ համադրումից երևում է, որ ֆինանսների նախարարությանը հաջողվում է կատարել կառավարության կողմից նախանշված ցուցանիշները։
Ըստ պետբյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման ծրագրի, առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային մուտքերի ծավալը պետք է կազմի 505 մլրդ դրամ՝ 26 մլրդ դրամով ավելի, քան 2013թ. նույն ժամանակահատվածում։ Երկրորդ եռամսյակում պետք է հավաքագրվի 281,3 մլրդ դրամ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ 8,8%-ով կամ 23 մլրդ դրամով ավելի։ Փաստացի, երկրորդ եռամսյակում ամսական կտրվածքով միջինում անհրաժեշտ է հավաքագրել հավելյալ 7,6 մլրդ դրամ. մայիսին հավաքագրվել է լրացուցիչ 9,6 մլրդ դրամ։ Կիսամյակային ցուցանիշն ապահովելու համար հունիսին ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ է լինելու հավաքագրել 97,3 մլրդ դրամ կամ հավելյալ 7,2 մլրդ դրամ։
Թեև ֆինանսների նախարարությանը հաջողվում է ապահովել բյուջեի հարկային մուտքերը, հարկատեսակների մուտքերը խոսում են տնտեսությունում և հարկային հավաքագրումներում խնդիրի մասին։
Այսպես, այս տարվա հինգ ամիսներին շահութահարկի գծով հարկային մուտքերը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 4,1%-ով՝ կազմելով 49,66 մլրդ դրամ։ Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 18,75%-ի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։ Պարզ ասած՝ հինգ ամիսներին շահութահարկի գծով մուտքերի կրճատումը հիմնականում պայմանավորված է անցած տարվա տնտեսական վիճակով, թեև ԱՎԾ-ի տվյալներով 2013թ. Հայաստանում արձանագրվել է 3,5% տնեսական աճ։
Հինգ ամիսների կտրվածքով մաքսատուրքերի գծով մուտքերն աճել են 5,7%-ով (մուտքագրվել է 19,5 մլրդ դրամ), և սա այն դեպքում, երբ չորս ամիսներին մաքսատուրքերի գծով մուտքերը նվազել էին 4,3%-ով։ Հունվար-մայիսին մաքսատուրքերի 5,7%-ով աճը տեղի է ունեցել ներկրման ծավալների 2%-ով ավելացման պայմաններում։ Մայիսին մաքսատուրքի գծով մուտքերը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են միանգամից 46,6%-ով, իսկ ներկրման ծավալները տարեկան կտրվաժքով ավելացել ընդամենը 4,3%-ով։
Մաքսատուրքերի գծով մուտքերի նման կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել ներմուծման կառուցվածքի կտրուկ փոփոխությամբ՝ նվազել է զրոյական մաքսատուրքով հարկվող ապրանքների մասնաբաժինը, թեև գործնականում նման փոփոխությունը քիչ հավանական է։
Civilnet











