Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հունաստանի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Կոտ դ'Իվուարի ընտրանուն և վաստակեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
Այս խաղում Կոտ դ'Իվուարին ոչ-ոքին էլ էր բավական հաջորդ փուլ անցնելու համար, իսկ Հունաստանին միայն ու միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Այս ամենը գիտակցելով հույներն առաջին իսկ րոպեներից նետվեցին գրոհների ու մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: 42-րդ րոպեին ի վերջո Ֆերնանդու Սանթուշի սաներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Անդրիաս Սամարիսը դարձավ գոլի հեղինակ:
Ընդմիջումից հետո արդեն աֆրիկացիներն էին ավելի շատ գրոհում, բայց հույների հակագրոհներն ավելի վտանգավոր էին: Այդուհանդերձ, 74-րդ րոպեին Ուիլֆրիդ Բոնին հավասարեցրեց հաշիվը: Հույները նորից նետվեցին գրոհների ու նորից վտանգավոր պահերը բազմաթիվ էին, բայց եզրափակիչ հարվածը չէր ստացվում և միայն մրցավարի ավելացրած ժամանակում Հունաստանին հաջողվեց հաղթանակ կորզել: Աֆրիկացիներն իրենց տուգանային հրապարակում կանոնները խախտեցին Գիորգիոս Սամարասի նկատմամբ, մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց նույն Սամարսը:
Հունաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով և 4 միավորով զբաղեցրեց C խմբի երկրորդ տեղը: 1/8 եզրափակչում հույներն ուժերը կչափեն D խմբի հաղթող Կոստա Ռիկայի ընտրանու հետ: C խմբի մյուս խաղում առաջատարը` Կոլումբիայի ընտրանին 4:1 հաշվով պարտության մատնեց Ճապոնիային և 1/8 եզրափակչում կհանդիպի Ուրուգվայի հետ:
C խումբ
| Տ. | Թիմ | Խ. | Հ. | Ո. | Պ. | Խ.գ. | Բ.գ | Մ. |
| 1 | Կոլումբիա | 3 | 3 | 0 | 0 | 9 | 2 | 9 |
| 2 | Հունաստան | 3 | 1 | 1 | 1 | 2 | 4 | 4 |
| 3 | Կոտ դ՛Իվուար | 3 | 1 | 0 | 2 | 4 | 5 | 3 |
| 4 | Ճապոնիա | 3 | 0 | 1 | 2 | 2 | 6 | 1 |
Civilnet











