Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Իտալիա – Ուրուգվայ (0:1) հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսի և Ջորջիո Կելինիի մասնակցությամբ դրվագի կապակցությամբ ՖԻՖԱՆ հետաքննություն է սկսել: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը կամ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան մինչև հունիսի 26-ը պետք է ՖԻՖԱ-ին բացատրություն ներկայացնեն: Լուիս Սուարեսին երկու տարվա որակազրկում է սպառնում:
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին արդեն ներկայացրել է իր բողոքը: Կելինիի խոսքով՝ Սուարեսը կծել է իր ուսը, մրցավարն էլ տեսել է կծածի հետքը և ոչինչ չի ձեռնարկել: Սուարեսն էլ իր հերթին պնդում է, որ պայքարի ժամանակ Կելինին հարվածել է իր դեմքին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 21-ին Ուրուգվայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվողը կծել էր նաև «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Մեկ անգամ էլ Լուիսն իր ատամներն օգտագործել է «Այաքսի» կազմում խաղալու ժամանակ: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան Սուարեսին 10 խաղով որակազրկեց այդ արարքի համար, Հոլանդիայում 7 խաղ բաց թողեց:
Civilnet











