Գլխավոր Լրահոս

Թուրքիան աչք է փակում ISIS-ի վրա. Սիրիայի քրդերի առաջնորդ

Թուրքիան աչք է փակում ISIS-ի վրա. Սիրիայի քրդերի առաջնորդ

Al-Monitor կայքի սյունակագիր Ամբերին Զամանը զրուցել է Սիրիայի քրդերի առաջնորդ Սալեհ Մասլիմի հետ: Մասլիմը հիմնավորել է վերջերս արած իր այն հայտարարությունը, թե Թուրքիան ռազմական և նյութական աջակցություն է ցուցաբերում ISIS խմբավորմանը («Իրաքի և Շամի իսլամական պետություն»): Հարցերի թվում էին՝ Իրաքի ապագան և իրաքյան զարգացումների հնարավոր ներթափանցումը Թուրքիա: «Թուրքիան կողքն է, դուք չգիտեք՝ ինչ կա ISIS-ի մտքին:Եթե նրանց դուր չեն գալիս Սիրիայի մուսուլմանները, պատկերացրեք՝ ինչ կարող են անել Թուրքիայի մուսուլմանների հետ»,- ասել է Սալեհը: Հարցազրույցը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

ISIS-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ապշեցուցիչ նվաճումներն Իրաքում ցնցել են տարածաշրջանը: Այս օրերին ամենահաճախ հնչող հարցերից է՝ արդյոք մերձավորարևելյան քարտեզը կվերաձևևի՞, և այդ քարտեզի վրա ի՞նչ տեղ կզբաղեցնի Թուրքիան: Մեկ այլ հարց էլ վերաբերում է ISIS-ին սատարելու գործում Թուրքիայի ենթադրական դերին: Կան պնդումներ, որ ISIS-ին միանալու համար արտերկրից եկող զինյալներն անցնում են Թուրքիայի տարածքով: Կան նույնիսկ պնդումներ, որ Թուրքիան, բացի սիրիական ընդդիմության խմբավորումներին սատարելուց, աջակցում է նաև ISIS-ին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն վճռականորեն հերքել է նման հայտարարություններն ու խնդրել ապացույցներ ներկայացնել: Այս պատճառով է, որ դիմեցինք Սիրիայի ամենաազդեցիկ քրդական կազմակերպության՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալեհ Մասլիմին, որը քննադատում է Թուրքիային ISIS-ի հարցում: Մենք նրան խնդրեցինք հիմնավորել իր հայտարարությունները, թե Թուրքիան սատարում է ISIS-ին: Արդյոք նա ունի՞ որևէ ապացույց, որ Թուրքիան սատարում է այդ խմբավորմանը:

Նմանատիպ հայտարարություններ վերջերս լսել ենք PYD-ի ռազմական թևի՝ «Ժողովրդական պաշտպանության խմբերի» (YPG) քուրդ զինյալներից, որոնք կռվում են ISIS-ի դեմ:

Ստորև ներկայացված հարցազրույցում Սալեհ Մասլիմը Skype-ի միջոցով պատասխանել է Al-Monitor-ի հարցերին:

- Թուրքիան անցյալում սատարե՞լ է ISIS-ին:

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով անցյալում: ISIS-ն ինքն է ասում, որ վայելում է Թուրքիայի աջակցությունը: Խմբավորման մամուլը տվյալներ է տրամադրում այն մասին, թե ինչպես է օժանդակություն ստանում Թուրքիայից, և ինչպես են իրենց զինյալները հասնում խմբավորմանը Թուրքիայի տարածքով:

- Ձեր վերջին հարցազրույցներում ասել եք, որ եթե ոչ Թուրքիայի կառավարությունն, ապա «խորքային պետությունը» աջակցում է ISIS-ին: Դրանք տարբեր բաներ են:

- Ճիշտ է: Թուրքական պետությունը հերքում է, որ օգնում է ISIS-ին. ինչ էլ որ տեղի է ունենում, տեղի է ունենում «առանց իրենց իմացության»: Սակայն ISIS-ը հերքում է դա: Օրինակ, անցյալ շաբաթ նրանք ասացին. «Երկու զինյալներ մեզ միացան Գազիանթեփ-Քարքամըշ անցակետով»: Չեմ կարծում՝ նրանք ստում են: Ինչո՞ւ պետք է ստեին:

- Ենթադրենք՝ Թուրքիայի իշխանություններն աչք են փակում երկրում ISIS-ի գործունեության վրա: Եթե այդպես է, ինչո՞ւ է ISIS-ը գրավել Թուրքիայի հյուպատոսությունը և պատանդ վերցրել դրա ամբողջ աշխատակազմին: Արդյոք սա հակասություն չէ՞:

- Ես չգիտեմ՝ ինչու նրանք դա արեցին: Հնարավոր է՝ պատանդների անվտանգությունն ապահովելու համար: Հնարավոր է՝ նրանց պատանդ են վերցրել առանց իրենց իմացության:

- Ո՞ւմ իմացության:

- ISIS-ի ներսում որոշ խմբեր կարող էին դա անել առանց տեղեկացնելու մյուսներին: Իրենց անվտանգության կամ Թուրքիային շանտաժի ենթարկելու նպատակով, որպեսզի նա չփոխի իր զուսպ մոտեցումը ISIS-ի նկատմամբ: Դա կարող էր համաձայնեցված սցենար լինել: Նման հավանականություն կա:

- Մի կողմ թողնելով դավադրության տեսությունները՝ ես կրկին կհարցնեմ. «Թուրքիայի Հանրապետությունը անցյալում կամ այսօր ռազմական կամ նյութական աջակցություն ցուցաբերել կամ ցուցաբերո՞ւմ է ISIS-ին»:

- Անցյալ ամառ Սերեքանյեում (Թուրքիայի Ջեյլանփինարի հակառակ կողմում) մենք բացահայտ տեսանք այդ օգնությունը: Թուրքիան բացեիբաց աջակցում էր ISIS-ին: Կան վկաներ: Այդ ժամանակաշրջանում թուրքմենները, «Ալ Նուսրա ճակատը», «Սիրիական ազատ բանակը» և «Ահրար ալ Շամը»՝ բոլորը պայքարում էին մեր դեմ՝ ISIS-ի կողմից: Սակայն ի վերջո ISIS-ը տարածաշրջանից վտարեց նրանց բոլորին: Դուք ցանկանում էիք, որ օրինակներ բերեմ առ այն, որ նրանց զինյալները անցել են Թուրքիայի տարածքով: Մայիսի վերջին մեր ուժերը հարված հասցրին Ալ Ռավիյա գյուղին, որը գտնվում էր ISIS-ի վերահսկողության տակ: Այնտեղ մեր կողմից սպանված ISIS-ի զինյալների մոտ հայտնաբերեցինք թուրքական փաստաթղթեր:

- Ի՞նչ տեսակ փաստաթղթեր:

- Տարբեր փաստաթղթեր, որոնք հաստատում էին նրանց ներկայությունը Թուրքիայում: Ինչո՞ւ են հարձակումներ գործում մեր քրդական տարածքների վրա: Եթե նրանց նպատակն է ազատել Սիրիան վարչակարգի տիրապետությունից, ապա մեր տարածքներն արդեն ազատագրված են: Ուրեմն, ինչո՞ւ են շարունակում հարձակվել մեզ վրա, եթե ոչ Թուրքիայի հրամանով: Ինչո՞ւ ենք մենք նրանց թիրախը, եթե կան այլ թիրախներ, և կա վարչակարգը:

- Սակայն Թուրքիան ասում է. «Այս ամենը տեղի է ունենում առանց մեր իմացության: Մենք չենք աջակցում ISIS-ին կամ զինված այլ խմբավորման»: Դուք դրան չե՞ք հավատում:

- Ո՛չ:

- Ինչո՞ւ՝ ոչ:

- Ենթադրենք՝ ISIS-ին օժանդակողը պետությունը չէ, այլ «խորքային պետությունը» կամ այլ տարրեր: Այդ դեպքում, ինչո՞ւ թուրք պաշտոնյաները չեն հետաքննում վկայությունները, փաստաթղթերը կամ այլ տվյալներ, որ մենք տրամադրում ենք նրանց: Ինչո՞ւ նրանք մեզ հետ համերաշխ չեն ISIS-ի դեմ պայքարում: Թուրքիայում կան այսպես կոչված մարդասիրական կազմակերպություններ, որոնք օգնում են ISIS-ին: Թուրքական կառավարությունը մեզ ասում է՝ միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս Թուրքիա, և իրենք չեն կարող մեկ առ մեկ ստուգել նրանց բոլորին: Սակայն մենք ասում ենք. «Ապացույցներ ունենք. այդ կազմակերպությունները դիմավորում են նրանց օդանավակայանում, տանում սահման և այնուհետև՝ Սիրիա»: Այս ամենն ասել ենք, սակայն նրանք գործողության չեն դիմում:

- Կարճ ասած՝ ասում եք, որ չնայած նրան, որ Թուրքիան հնարավոր է՝ գործնականում չի օգնում ISIS-ին, այդուհանդերձ, աչք է փակում դրա գործողությունների, ինչպես նաև Թուրքիայում դրա աջակիցների վրա:

- Այո՛, հենց դա ենք ասում:

- Ինչպե՞ս են Մոսուլի վերջին զարգացումներն անդրադարձել Սիրիայի քրդական Ռոժավա շրջանի վրա:

- Սահմանին եղել են մոտ տաս առանձին բախումներ փեշմերգաների (քուրդ մարտիկներ - ՍիվիլՆեթ) և ISIS-ի միջև: YPG-ն օգնության է եկել փեշմերգաներին: Չնայած Իրաքի Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Բարզանիի Քրդական դեմոկրատական կուսակցությունն ասում է, որ նման օգնության խնդրանքով չեն դիմել, տեղում այդպիսի համագործակցություն եղել է: Մենք ասում ենք, որ ISIS-ի հարվածները Քերքուքի շրջանում և Շենգալի գյուղերի դեմ պահանջում են գործողությունների համակարգում քրդերի միջև: Մենք պատրաստ ենք:

- Սակայն ...

- Մենք սպասում ենք: Քերքուքի շրջանում հուժկու մարտեր են ընթանում: Օրինակ՝ Ջավլալայում ISIS-ը մարտնչում է փեշմերգաների դեմ: Մինչև այս պահը քրդական միասնական գործողություններ են եղել միայն Թել Քոչերում: Ավելին՝ YPG-ի ուժերը դուրս չեն եկել Ռոժավայից:

- YPG-ն Սիրիայում ISIS-ի դեմ ամենաարդյունավետ կերպով պայքարող ուժն է: Արևմտյան երկրները նկատե՞լ են դա Մոսուլի անկումից հետո: Արևմտյան որևէ կառավարություն այդ պահից ի վեր ձեզ հետ կապ հաստատե՞լ է:

- Ո՛չ, ոչ ոք: Նրանք դեռ, կարծես, ցնցված են: Ոչ ոք մեզ հետ կապ չի հաստատել: Որևէ հստակ բան չկա:

- Թուրքական կառավարությունը ձեզ հետ կապ հաստատե՞լ է: Թուրքիան ISIS-ի ուղիղ սպառնալիքի տակ է:

- Ո՛չ, նման դիմում չի եղել:

- Ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ Ազգային հետախուզական գործակալության (MIT) պաշտոնյաները հանդիպումներ են ունենում ձեզ հետ: Ներկա պահին ձեր պատվիրակություններից մեկը Թուրքիայում է:

- Այս պահին նման շփումներ MIT-ի հետ չկան: Եթե գաղտնի բաներ են տեղի ունենում առանց մեր իմացության, ապա ես տեղյակ չեմ:

- Նման իրավիճակում ձեր կողմից Ասադի վարչակարգի դեմ պատերազմի հայտարարումը ինքնասպանություն կլիներ: Դա է ցանկանում Թուրքիան, որ անեք: Թուրք պաշտոնյաները, որոնց հետ խոսել ենք, պնդում են, որ հակառակ ձեր պնդումներին՝ ուժեղացրել եք ձեր հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ:

- Դա սուտ է: Մենք Ստամբուլում հանդիպել ենք ընդդիմության ուժերի հետ (Ստամբուլում գտնվող Սիրիական ազգային կոալիցիան): Վերջինը մեր ներկայացուցիչների՝ կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջարբայի հետ հանդիպումն էր Փարիզում: Սակայն նույնիսկ այդ հանդիպման ժամանակ նրանք հերքել են քրդերի գոյությունը: Նրանք չեն ցանկանում ճանաչել քրդերին և վարչակազմը, որ հիմնել ենք Ռոժավայում: Մեր ամենահիմնական պահանջը քրդական իրավունքների ճանաչումն է նոր ստեղծվելիք սահմանադրության մեջ: Սակայն նրանք չեն ցանկանում նույնիսկ խոսել դրա մասին:

- Ներկա պահին ձեր պատվիրակություններից մեկը Ստամբուլում բանակցություններ է վարում կոալիցիայի հետ:

- Ճիշտ է, սակայն ես վատատես եմ այդ բանակցությունների հարցում:

- Ենթադրենք՝ կոալիցիան ընդունում է ձեր պահանջները: Կմիանա՞ք Ասադի դեմ պայքարին:

- Մենք արդեն պայքարել ենք Ասադի դեմ, երբ անհրաժեշտ է եղել: Մենք նրան դուրս ենք քշել տարածաշրջանից: Դուք ցանկանում եք, որ մենք գնանք և կռվենք Դամասկոսում: Ի՞նչ են նրանք մեզանից ակնկալում: Մենք չենք կարող մեր երիտասարդներին ուղարկել այնտեղ կռվելու: Մենք դա չենք անի: Մենք պարզապես պաշտպանվում ենք: Այդքանը:

- Սակայն Քամիշլիում կան վարչակարգի տարրեր: Ես գնացել և տեսել եմ նրանց:

- Միայն օդանավակայանում: Մենք այնտեղ չենք ցանկանում պայքարել արաբական ցեղերի դեմ: Մեր մեջ էլ կան արաբներ: Արդյոք պետք է գնանք նրանց դեմ կռվելու միայն որովհետև նրանք արա՞բ են: Մենք արաբա-քրդական պատերազմ չենք ցանկանում:

- Վարչակարգը միայն օդանավակայանում չէ: Նրանք ունեն հետախուզական գրասենյակ, փոստատուն և մի քանի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կապված են ռեժիմի հետ: Այնտեղ վարչակարգի բավական մեծ ներկայություն կա:

- Այո՛, կա մի թաղամաս, որում մոտ 25 հազ. մարդ սատարում է վարչակարգին: Եթե ընդհարվենք նրանցից մեկի հետ, ստիպված կլինենք պայքարել ամբողջ ցեղի դեմ: Դա կվերածվի քուրդ-արաբական պատերազմի:

- Եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան Ռոժավայի օդային տարածքը հայտարարեն ոչ թռիչքային գոտի, ինչպես արել են 1991թ. Իրաքում, դուք ավելի հանգի՞ստ կզգաք:

- Իհարկե: Ո՞րն է մեր նպատակը: Պաշտպանել մեր մարդկանց: Եթե ինչ-որ մեկը օգնի մեզ այդ հարցում, միայն կողջունենք: Սակայն ոչ ոք նման առաջարկ չի անում:

- Ինչպիսի՞ն է տնտեսական դրությունը Ռոժավայում:

- Վատ: Մարդիկ խնդիրներ ունեն ուտելիք, վառելիք հայթայթելու հարցում: Բոլոր սահմանային անցակետերը փակ են: Մի կետում Թուրքիան թույլ էր տալիս պարենային օգնության տրամադրումն ու մարդկանց անցումը Կոբանի Սուրուչի տարածքով: Սակայն այդ անցումը փակվել է 20 օր առաջ: Ոչ ոք այն չի կարող անցնել:

- Ի՞նչ տեղի կունենա Իրաքում:

- Իրաքը գնում է դեպի բաժանում: Չգիտեմ՝ արյդոք կլինեն երեք առանձին պետություննե՞ր, թե՞ երեք տարրերի դաշնային կառույց: Սակայն եթե ISIS-ը շարունակի սպանել քրդերին, այս պատերազմը միայն կտարածվի:

- Կարո՞ղ է այս պատերազմը ներթափանցել Թուրքիա:

- Իհարկե կարող է: Թուրքիան կողքն է, դուք չգիտեք՝ ինչ կա ISIS-ի մտքին: Եթե նրանց դուր չեն գալիս և նրանք կոտորում են Սիրիայի մուսուլմաններին, պատկերացրեք՝ ինչ կարող են անել Թուրքիայի մուսուլմանների հետ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում