Ինչու են մանրադրամները գտնում ձեզ
Հովիկ Աբրահամյանին վրդովեցրել է իր երկու նախարարների և պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի վրա «Պարտադիր կուտակայինի» նոր օրինագծի քվեարկությունից հետո մանրադրամներ նետելը: «Ես չեմ հանդուրժելու անարխիա»,- մոլեգնել է նա :
Նախ, ինչի՞ է էս մարդը սպասել մինչև կառավարության նիստ, եթե տեղի ունեցածը, մեղմ ասած, անհանդուրժելի է հենց էդ պահին: Երկրորդ, ինչո՞ւ էր այդ նիստի ժամանակ նկատողություն անում ոստիկանապետին շատ խոսելու և ոչ թե ակտիվիստներին «բերդերում չփտեցնելու» համար: Անարխիան հանցագործություն է, չէ՞: Ուրեմն՝ ձեռնաշղթաները, ընկերներ: Երրորդ, ի՞նչ է հասկանում վարչապետն անարխիա ասելով: Ո՞վ է նրա բերանն այդ բառը դրել: Եվ ինչո՞ւ նա այդ բառը չգիտեր նախագահի բազմաթիվ ընտրությունների ժամանակ, երբ քվեարկություններ էին կեղծում, երբ բանտերը լցնում էին քաղբանտարկյալներով և ոչ մի նախարարի ունքն էլ չէր շարժվում, ներառյալ մեր այսօրվա վարչապետի, երբ Արարատյան դաշտավայրի ջրի պաշարը ծառայեցվում էր միայն մեզ աներևակայելի անհայտ մխչյանցի մի օլիգարխի ձկնային տնտեսությունները զարգացնելուն:
Որևէ մեկը նրան բացատրե՞լ է, թե ինչն ինչից հետո է: Երբ ընտրությունները կեղծում ես գիտակցաբար, մանրադրամները կեղծարարների վրա ոչ թե թռնում են, այլ ձեռքիցդ են փախչում նրանց ուղղությամբ: Հենց այնպես մանրադրամները չեն գտնում մանր կեղծարարների ճակատները: Վարչապետի փոխարեն կառավարության նիստում պետք է արքեպիսկոպոս Կճոյանը խոսեր և փառք տար Աստծուն, որ այս ժողովուրդը դեռ միայն մանրադրամ ունի ձեռքին: Քաղաքական ի՞նչ մասնակցություն եք թողել ժողովրդին այս երկրի կյանքում, որպեսզի մետաղադրամները չփախչեն ձեր ուղղությամբ: Այդպես էլ գլխի չընկա՞ք: Մետաղադրամները թռչում են, որովհետև Ազգային ժողովը ծուռ հայելի է, այնտեղ մեծամասնություն է մի քաղաքական ուժ, որին դաշնակցական նախկին պատգամավորներից մեկի խոսքերով, ուղղակի «դալաններում կծեծեին»: Էդ մետաղադրամները «դալաններում» ավելի վաղ չիրականացված ծեծն է, ժողովուրդը զգուշացնում է:
Ժողովուրդն այլևս անարխիա, մարդու իրավունք, հանդուրժողականություն, մահակ և այլ բառերին չի նայում: Երբ ինքը մահակով դուրս կգա փողոց, որի համար այնպես չէ, որ աղոթում ենք, դուք՝ հանրապետականներդ, արդեն չեք իմանա, թե որ դեպքում էին օգտագործում «անարխիան», և որ դեպքում՝ «մարդու իրավունքները»:
Օրինակ, դուք կարո՞ղ եք ասել՝ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելը անարխիայի՞, թե՞ մարդու իրավունքների շրջանակում է: Տղե՛րք, անարխիայի զոհերը աշխարհի ոչ մի երկրում «զոհվելուց» հետո չեն քայլում դեպի իրենց ծառայողական ավտոմեքենաներն ու «քշվում» անհայտ ուղղությամբ: Նրանք ոտքի վրա մնալու դեպքում վազում են դատարան:
Մի հարց էլ՝ ո՞վ կարող է ասել՝ անարխիայի՞, թե մարդու իրավունքների շրջանակում է ոստիկանության և ԴԱՀԿ-ի կամայականությունները մարդկանց անձնական ֆինանսական հաշիվների նկատմամբ, որոնք արգելափակվել են իրենց կատարած ճանապարհային երթևեկության խախտումներից տեղյակ չլինելու պատճառով: Կառավարության այսօրվա նիստում անարխիա չհանդուրժելու մասին Հովիկ Աբրահամյանի «դասախոսությունը», ինչպես «դասականը» կասեր, քամու տատանում է, դատարկ կրակոց, ինքն էլ գիտի, որ չհանդուրժել չի կարող, որովհետև այս հասարակությունն արդեն իրենցը չէ:
Երբ անարխիայի «տեսաբանը» հոխորտում է, ընդ որում՝ առանց հասցեի, ուզում է ասել, որ իշխանությունն իրենից վերջապես ուժ է ներկայացնում: Բայց քանի որ նրան ժողովրդից բանի տեղ դնող չկա և չի լինելու ու ինքն էլ դա գիտի, ուզում է մեկի համար իրենից ինչ-որ բան ներկայացնել: Ո՞վ է այդ մեկը՝ Սերժ Սարգսյանը: Ահա ինչու է նույն օրը երեկոյան ՀՀԿ նիստից առաջ ռևերանս անում առաջին դեմքի ֆավորիտին՝ Գասպարյան Վլադիմիրին՝ նա լավ է աշխատում: Հովիկ Աբրահամյանն ուզում է դառնալ իշխանության հերոսը, իշխանության «կինոյի տղեն»: Բայց այս դերը վաղուց խաղացված է: Դերասաններն իշխանության մեջ քիչ չեն եղել: Վերջինը Վլադիմիր Գասպարյանն է: Իսկ Աբրահամյանի հոխորտանքն ընդամենը նախորդների ռեմիքսն է: Այստեղ նա նույնիսկ Գալուստ Սահակյանին ու Հրայր Թովմասյանին է զիջում՝ վկան ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր տխմար կարգը:
Մհեր Արշակյան










