Պատերազմը նաև խաղաղության սանձարձակությունն է

Պատերազմը միայն սպանությունը չէ, պատերազմը նաև խաղաղության սանձարձակությունն է: Հայաստանի մեկ քառորդը սահմանամերձ է: Նշանակում է՝ մեկ քառորդ բնակչություն վերջին երկու տարում տագնապի մեջ է, սահմանին ադրբեջանցիներն անընդհատ կրակում են, նշանակում է՝ սահմանին երեխաներ կան, որոնք դողը սրտում ռմբապաստարաններում կամ իրենց նկուղներում սպասում են հրետակոծությունների ավարտին, նշանակում է՝ դրանց ավարտը ոչինչ չի նշանակում, նշանակում է՝ հողը չի մշակվում, նշանակում է՝ գյուղացին ապրում է իր դիմադրողականությունից դուրս, նշանակում է՝ մայրերն այլևս մյուս երեխաների կողմը չեն նայում, այլ միայն՝ իրենց երեխաների վրա, նշանակում է՝ մարդիկ են հաշմվում կամ մեռնում, նշանակում է՝ դպրոցներն այլևս չեն կրթում, նշանակում է՝ հնարավորություն ունեցողը սահմանից փախչում է, նշանակում է՝ սահմանապահ զինվորը միայն սահմանապահ չէ և միայն զինվոր չէ, նա էլ պետք է սպանի, նշանակում է՝ ատամներ են սեղմվում...
Նշանակում է՝ ապրանք է թանկանում, նշանակում է՝ գյուղի ծերունին սկայպով քաջալերում է որդու Ռուսաստան տեղափոխվելը, որ չի տեսնում այն ամենը, ինչ ինքն է տեսնում, նշանակում է՝ այլևս «Ինչ է Հայրենիքը» շարադրություն գրելու ժամանակը չէ, որովհետև Հայրենիքը հիմա միայն ավելացող հարցեր է և ոչ մի պատասխան, նշանակում է, սահմանից հեռու կատարվող կենցաղային սպանությունն ընդամենը «էլի մեկ զոհ» շարքից է, նշանակում է՝ հանցագործություն չկա, կա միայն սպանություն, քանի որ կյանքը միայն ապրելն է և ոչ թե չսպանելը, նշանակում է՝ կրակոցներից հեռու քո երեխային ուղղված համբույրը օտարության մեջ արված համբույր է, նշանակում է՝ արդարության քո պահանջը ժամանակավրեպ է, նշանակում է՝ հենց հիմա մարմնիդ վրա արված դաջվածքը կամ վազքդ դեպի դաջվածքի սրահ պատերազմը մերժելը չէ, ոչ էլ՝ պատերազմը չնկատելը, այլ՝ խաղաղության դեֆորմացիան, որը պատերազմի գեղագիտությունն է...
Նշանակում է, ընկերնե՛ր, գոնե այս օրերին Ֆեյսբուքում խնջույքի սեղանների մոտ արված ձեր լուսանկարները մի՛ դրեք, նշանակում է՝ նույնիսկ ժպիտը պետք է լինի աղոթքի մեկ բառը, նշանակում է՝ Երևանում մի պարծեցեք «կռիվ-կռիվ» խաղացող ձեր երեխաների քաջությամբ, նրանք թող խաղան, իսկ դուք մի՛ մոռացեք, որ սահմանին երեխաներ կան, որոնք քաջ լինելու մի տարբերակ ունեն՝ կենդանի մնալ, և դեռ հարց է, թե ինչ հետևանքներ կունենա այդ կենդանությունը, նշանակում է՝ կամաց-կամաց գոնե հոգով ու մտքով տեղափոխվեք սահման, նշանակում է՝ խաղաղությունը պետք է մաքրել այն ամբողջ կեղտից, որը պատերազմի հացն է, նշանակում է՝ եղեք խաղաղության աղը, ընկերներ, նշանակում է՝ մոռացեք այն մասին, թե ինչքան մեծ է աշխարհը և այն, թե ինչ մեղու կծեց ադրբեջանցիներին, պատերազմը մեր դեմքով է մտնում երկիր, ոչ թե՝ ադրբեջանցիների, որովհետև չխնամված խաղաղության մեջ է ապրում պատերազմի բացիլը...
Նշանակում է՝ պատերազմը մեր մեջ է, ոչ թե մեզնից դուրս, որովհետև, երբ Արմեն Աշոտյանը հունիսի 28-ին իր երկու խնամված որդու լուսանկարը տեղադրում է Ֆեյսբուքում, չի ակնարկում խաղաղության խնամքի կարևորությունը, այլ բացասում է սահմանի երեխային, որը գոնե այսօր խնամված չէ, որի տունը կիսով չափ ավերակ է, որի հայրը բացարձակապես այն Հայաստան աշխարհի բնակիչը չէ, որի ներկայացուցիչն ու ապրողն է Արմեն Աշոտյանը, որի մայրն այլևս ինչ-որ մեկի մորաքույրը, հորաքույրը, քավորկինը կամ սանամերը չէ, նա պարզ, ազգություն չունեցող, ատամները սեղմած մայր է, որի համար ամբողջ աշխարհը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից իր երեխաներն են, նշանակում է՝ եթե չեք կարող կռվել, գոնե մի ցույց տվեք, թե ձեր քթի տակ ոչինչ չի կատարվում...
Նշանակում է՝ եթե անգամ դուք՝ իշխանություննե՛րդ, գիտեք, որ պատերազմը քաղաքական պատեհություն է ընդամենը հասարակ մարդկանց մեջ սարսափ տարածելու, ինչ-որ մեկի իշխանությունն ամրապնդելու, և ոչ թե լայնամասշտաբ սպանությունների համար, առժամանակ մոռացեք Ավարայրի ու Սարդարապատի մասին, մոռացեք նույնիսկ արցախյան հաղթանակները, դրանցով երես մի տվեք կրակոցներից հեռու ապրող դպրոցականներին, պատմական հաղթանակներն այսօրվա խուճապներով չես ուտի, և ձեր խնդիրը նոր հաղթանակները չէ, որովհետև դրանք ինչ-որ մեկի պարտությունն են, որը փնտրում է իր հաղթանակը, նշանակում է՝ մեր դիմադրողականությունը պետք է հեռու պահել «խաղաղության» ցինիզմից և այն հագեցնել պատերազմում ներկաների ժամանակակիցը լինելու օրակարգով:
Մհեր Արշակյան










