Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Կոստա Ռիկայի հավաքականը ետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց Հունաստանի ընտրանուն և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:
Հանդիպման 52-րդ րոպեին հաշիվը բացեց Բրայան Ռուիսը: Կոստառիկացիների հաջորդ իսկ գրոհը կարող էր գոլային ավարտ ունենալ, սակայն մրցավարը չնկատեց, որ հույն պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և չնշանակեց ակնհայտ 11 մետրանոցը:
66-րդ րոպեին Կոստա Ռիկայի ընտրանին մնաց 10 հոգով. կոպիտ սահանկման համար երկրորդ դեղին քարտն ստացավ Օսկար Դուարտեն: Քանակական առավելություն ստանալով` Ֆերնանդու Սանթուշի սաները նետվեցին գրոհների, բայց երկար ժամանակ նրանց չէր հաջողվում անգամ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Այդուհանդերձ, մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Սոկրատիս Պապաստադոպուլսը հավասարեցրեց հաշիվը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Վերջին 30 րոպեներն անցան հույների բացահայտ առավելությամբ, բայց այդպես էլ նոր գոլեր չգրանցվեցին, և հաղթողը պարզ դարձավ միայն ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Կոստառիկացիներն ավելի դիպուկ գտնվեցին 11 մետրանոց նշակետից (5:3) և քառորդ եզրափակչում հենց նրանք կխաղան Հոլանդիայի դեմ:
Civilnet











