Գլխավոր Լրահոս

Էլեկտրական ցանցերը սնանկացման եզրին են

Էլեկտրական ցանցերը սնանկացման եզրին են

Ernst and Young աուդիտորական կազմակերպությունում կասկածի տակ են դրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) 2013թ.-ին ծրագրված 13,4 մլրդ դրամ շահույթի դիմաց կուտակել է ևս 9,88 մլրդ դրամի վնաս (կուտակած ընդհանուր վնասը՝ 44,47 մլրդ դրամ) ու խախտել վարկային պարտավորությունները։ Ernst and Young աուդիտորական կազմակերպության կարծիքով՝ ՀԷՑ-ի ֆինանսական ցուցանիշները վկայում են «էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»։

Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ անկախ աուդիտորի եզրակացությամբ (խոշոր կազմակերպությունները, որոնց նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը գերազանցում է 500 մլն դրամը, պարտավոր են հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություններ)։

Փաստաթղթում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը հատուկ ուշադրություն պահանջող հարցերի թվում նշել է, որ ընկերությունը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է 9,88 մլրդ-ի վնաս, ընթացիկ պարտավորությունները 27,8 մլրդ դրամով գերազանցել են ընթացիկ ակտիվները, խախտվել են վարկային սահմանափակող պայմանագրերը՝ կովենանտները։

Համաձայն հաշվետվության, ՀԷՑ-ը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ դեռ 2009թ. կնքված վարկային պայմանագրերի կովենանտները, ինչը հանգեցրել է պարտավորությունների չկատարման։ «Հետևաբար, բանկերը կարող են պահանջել պայմանագրով նախատեսված վարկերի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում՝ հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսների հետ միասին։ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ վարկերը պետք է դասակարգվեին որպես ընթացիկ, քանի որ ընկերությունը չուներ անվերապահելի իրավունք հետաձգել դրանց մարումը մինչև հաշվետու ամսաթվից հետո մեկ տարի և ավելի ժամկետը։ Այնուամենայնիվ, 2013թ. վերջի դրությամբ 18 մլրդ դրամի գումարի վարկերը դասակարգվել են որպես ոչ ընթացիկ պարտավորությունների։ Եթե այդ վարկերը վերադասակարգվեին, 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կավելանային կարճաժամկետ վարկերը, իսկ երկարաժամկետ վարկերը կնվազեին 18 մլրդ դրամով»,- նշված է աուդիտորական ընկերության եզրակացությունում։

Ըստ Ernst and Young-ի՝ այս պայմանները «այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»։

ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունից պարզ երևում է, որ ընկերությունը փաստացի կանգնած է սնանկացման եզրին։ Ընթացիկ պարտավորությունները կատարելու համար ընկերությունը կարող է իրացնել 105,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով հիմնական միջոցները, ինչն իրականում բարդ գործընթաց է, քանի որ դրանք էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքներ են։

2013թ. վերջի դրությամբ ՀԷՑ-ի կուտակած վնասը կազմել է 44,47 մլրդ դրամ, որի 45%-ը կուտակվել է 2012-2013 թթ. ընթացքում։ Անցած տարեվերջին ընկերության սեփական կապիտալը կազմել է 13,45 մլրդ դրամ։

Ընկերության վնասը պայմանավորված է հիմնականում իրացումից ստացվող հասույթի կրճատումով։ Այսպես, 2013թ. հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի բարձրացված՝ 38 դրամ/կՎտԺ (աճը 8 դրամ կամ 27%) սակագնի հիմքում ՀԷՑ-ի հասույթը դրված էր 149 մլրդ դրամի մակարդակում, գնված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 99,5 մլրդ դրամի։ Փաստացի հասույթը կազմել է 132 մլրդ դրամ, գնված էլեկտրաէներգիան՝ 97 մլրդ դրամ։

Հասույթի կրճատումը պայմանավորված է նրանով, որ 2013թ. ՀԷՑ-ը վերջնական սպառողներին նախատեսում էր իրացնել 5,3 մլրդ կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, այնինչ իրացման փաստացի ծավալը կազմել է 5,26 մլրդ կՎտ/Ժ։ Բացի այդ, ընկերությունն անցած տարի 4,5 անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիա է ձեռք բերել։ Հրազդանի ջէկից փաստացի ձեռք է բերվել 644 մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա (1 կՎտ/Ժ-ը 59,4 դրամ-ով), այն դեպքում, երբ սակագնի հաշվարկի հիմքում այս ծավալը սահմանվում էր 138 մլն կՎտ/Ժ-ի մակարդակում։

2013-ին ՀԷՑ-ի, ինչպես նաև արտադրող կայանների ֆինանսական վիճակի վատթարացման հետևանքով է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախատեսում են օգոստոսի 1-ից վերջնական սպառողների համար 1 կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 3,85 դրամ-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում