Ազգային վիճակագրական ծառայությունը հունիսին պարենամթերքի գների համատարած նվազում է արձանագրել (բացառությամբ հացամթերքի ու հրուշակեղենի)։
Այս տարվա հունիսին կտրուկ կրճատվել է տարեկան գնաճը՝ կազմելով 1,8% և դուրս եկել բյուջեի հիմքում դրած թիրախային ցուցանիշի (4±1,5%) ստորին մակարդակից։
Ամսական կտրվածքով սպառողական շուկայում արձանագրված 1,8% գնանկման արդյունքում հունիսին տարեկան գնաճը մայիսի տարեկան ցուցանիշի համեմատ կրկնակի կրճատվել է։ Ընթացիկ տարվա մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 3,6%, ապրիլին՝ 4,4%, մարտին՝ 3,8%։
Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը 2014թ. հունվար-հունիսին» հրապարակման համաձայն՝ հունիսին 12-ամսյա կտրվածքով պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) շուկայում տեղի է ունեցել 0,7% գնանկում, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1,3%-ով, ծառայությունների սակագները՝ 6,8%-ով։
ԱՎԾ-ի տվյալներով, պարենային ապրանքների շուկայում հունիսին տարեկան կտրվածքով արձանագրված գնանկումը և որպես արդյունք՝ տարեկան կտրվածքով ցածր գնաճը, մեծապես պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում գների 13,7% անկումով. ձվի գները նվազել են՝ 10,5%-ով, շաքարավազինը՝ 13,1%-ով, կենդանական և բուսական յուղերինը՝ 5,6%-ով, մրգինը՝ 2,1%-ով, մսամթերքինը՝ 0,8%-ով։ Հունիսին տարեկան կտրվածքով թանկացել է միայն հացամթերքը և հրուշակեղենը, համապատասխանաբար՝ 0,9%-ով և 4,2%-ով։
ԱՎԾ-ն գնանկում է արձանագրել նաև մրգեղենի ապրանքախմբում, այն դեպքում, երբ այս տարվա մարտի 30-31-ի առատ ձյան և ցրտահարության հետևանքով անցած տարվա համեմատ ծիրանի բերքը կրճատվել է մոտ տասն անգամ. նախնական գնահատականներով այս տարի սպասվում է ընդամենը 8 հազար տոննա ծիրանի բերք։
Տնտեսական աճի տեսակետից բացասական է գնաճի շեղումը թիրախային ցուցանիշից։ Խնդիրն այն է, որ բարձր գնաճը հանգեցնում է գնողունակության նվազման և որպես հետևանք` սպառման կրճատման, իսկ ցածր գնաճը հանգեցնում է տնտեսավարողների շահույթների կրճատման:
Civilnet











