Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հպարտանում է իր սաների կամային հատկանիշներով և հաղթանակի ձգտումով: Այս մասին Լյովն ասել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ալժիրի հավաքականին պարտության մատնելուց (2:1) հետո:
«Առաջին խաղակեսում լուրջ խնդիրներ ունեինք, շատ հաճախ էինք գնդակ կորցնում և պարզ իրավիճակներում սխալվում: Ընդմիջումից հետո շատ ավելի լավ էինք խաղում: 7-8 վտանգավոր պահ ստեղծեցինք: Բազմաթիվ հարվածներ կատարեցինք, բայց դրանք նպատակակետին չհասան:
Չեմ կարող չնշել կամային հատկանիշները, որ լրացուցիչ ժամանակում ցույց տվեցին իմ սաները: Վերջում մերոնք ֆիզիկապես ավելի թարմ էին: Մրցակիցը փոքր-ինչ շուտ հոգնեց:
Այո, սա մեր լավագույն հանդիպումը չէր, բայց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նման բան լինում է, երբ առաջին պլան են մղվում հաղթանակի ձգտումն ու կամային հատկանիշները, ինչի պակասը մեր տղաները չունեն:
Մենք այնքան էլ վատ չէինք խաղում, հակառակ դեպքում այդչափ հարվածներ չէինք կատարի մրցակցի դարպասին: Անհնար է ամեն անգամ ֆանտաստիկ խաղ ցուցադրել: Կարևորն արդյունքն է»,- Յոահիմ Լյովի խոսքն է մեջբերում Eurosport-ը:
Civilnet











