Գլխավոր Լրահոս

Էլեկտրաէներգիան օգոստոսից թանկ կլինի

Էլեկտրաէներգիան օգոստոսից թանկ կլինի

Վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին կայացած նիստին հաստատեց արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։

Նիստին ներկա էին նաև «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության և «Օրինաց երկրի» պատգամավորները: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նիստում քառյակի անունից պահանջեց հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը: Նույն պահանջով հանդես եկավ նաև «Օրինաց երկիրը»: ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը սակայն հակադարձեց. ըստ նրա` սակագնի բարձրացման հետաձգումը համակարգին կպատճառի 1,5 մլրդ դրամի վնաս` ամսական կտրվածքով:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ հիմնավորեց, որ սակագնի չբարձրացման դեպքում կարող է խաթարվել էներգետիկ համակարգի կայունությունը, ևվնասները կարող են ավելի ծանր լինել, քան սակագնի բարձրացման սոցիալական վնասը։

Սակագնի քննարկմանը Գարեգին Բաղրամյանը հերքեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրն է տարածաշրջանում: ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինն էլ հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իր աշխատավարձը 40 000 դոլար է: Նրա խոսքով` ընկերության միջին աշխատավարձը 200 000 դրամ է։

Ռոբերտ Նազարյանը, իր հերթին, նշեց, որ անցած տարի պատգամավորներին հրավիրել է սակագնի հաշվարկման մեթոդաբանության քննարկմանը, սակայն որևէ արձագանք չի ստացել:

«Ես` որպես սպառող, հասկանում եմ` սակագնի բարձրացումը բեռ է: Էներգետիկ ընկերությունները ավելի շատ էին պահանջում բարձրացնել սակագինը, բայց ՀԾԿՀ-ն չբավարարեց իրենց ողջ պահանջը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Միաժամանակ` ՀԾԿՀ շենքի դրսում ժամը 10:30-ից տեղի է ունենում քաղաքացիական ակցիա, որի մասնակիցները պահանջում են հետաձգել նիստը, և քննարկմանը մասնակից դարձնել հանրության բոլոր հատվածներին:

Հունիսի 4-ին ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ սակագների բարձրացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքով։

ՀԾԿՀ-ի որոշումներից երևում է, որ վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։ Այսպես, եթե ներկայում ՀԷՑ-ի կողմից բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի 38 դրամ/կՎտժ սակագնի հիմքում մեծածախ միջին գինը 16,4 դրամ է, ապա նոր` 41,85 դրամ/կՎտժ սակագնի հիմքում այն արդեն 18,83 դրամ է։ Վերջնական սպառողների սակագնի հաշվարկում ավելացել է նաև ՀԷՑ-ի մարժան` 1 կՎտ/ժ-ի հաշվով 0,67 դրամով` կազմելով 12,45 դրամ/կՎտ/ժ։

Թեև տեղի է ունենալու վերջնական սպառողների համար սակագնի բարձրացում, սակայն ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով, 3,85 դրամով բարձրացումը էապես չի բարելավի ընկերության ֆինանսական վիճակը, քանի որ  այդ գումարից ընդամենը 1,5 դրամն է մնալու ընկերությունում, որը փոխհատուցելու է միայն նախորդ տարիների վնասը և բավարար չէ ընկերության առջև ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Արտադրող կայանների պատճառով

Թանկացման հիմնական պատճառը համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրող և պետական սեփականություն հանդիսացող կայաններում սակագների վերանայումն է։ Այսպես, համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա արտադրող «ՀրաՋԷԿ» ընկերության էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է իջեցնել 10,3 դրամով` մինչև 49,12 դրամ/կՎտ/ժ, «Հրազդան 5»-ինը` թողել ընթացիկ մակարդակում` 33,4 դրամ/կՎտ/ժ։

Մյուս կողմից` պետական սեփականություն հանդիսացող Երևան ջէկ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է բարձրացնել 9 դրամով կամ 45%-ով` մինչև 29 դրամ/կՎտ/ժ։ Ամենայն հավանականությամբ, ջէկում սակագնի նման կտրուկ բարձրացումը պայմանավորված է նրա կապիտալ նորոգման համար անհրաժեշտ 10 մլրդ դրամ ծախսերով, որի մի մասը վարկային միջոցներ են։

Պարզ չէ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի 5%-ով կամ 0,57 դրամով բարձրացումը` մինչև 11,4 դրամ/կՎտ/ժ։ Թանկանալու է նաև Սևան-Հրազդան կասկադում արտադրվող էլեկտրաէներգիան` 10%-ով կամ 0,6 դրամով` հասնելով 7,18 դրամ/կՎտ/ժ-ի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում