Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է վարչապետին եղանակներ գտնել` մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 000 սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:
Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
Կառավարությունը 2011-ից անապահով ընտանիքներին աջակցում է գազի սակագնի հարցում: 2011թ. ապրիլի 1-ից շուրջ 60 000 ընտանիքներ, որոնք 300 խորանարդ մետրից պակաս գազ էին սպառում ամսվա ընթացքում, կարող են օգտվել արտոնյալ սակագնից` մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարելով 100 դրամ` 132 դրամի փոխարեն: Ներկայում գործադիրը շարունակում է օժանդակել անապահով ընտանիքներին:
Վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստին հաստատել է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։
Հանրության շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել: Մտահոգությունների համաձայն` սակագնի բարձրացումը ոչ միայն ուղակիորեն է ազդելու բնակչության կենսամակարդակի վրա, այլև անուղղակիորեն հանգեցնելու է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացմանը:
Civilnet











