Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկումը, 19-ը հոկտեմբեր, 2010թ.։
«Էներգետիկական համակարգի օպերատոր» պետական ընկերության գործողությունները Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ) անցած տարի մոտ 9,88 մլրդ դրամի վնաս են պատճառել՝ 1,4 մլրդ դրամի գերշահույթ ապահովելով ՀրազՋԷԿ-ին (պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին)։ Ավելի շուտ սա, քան «սակավաջուր 2013-ն ու Մեծամորի ատոմակայանի 88-օրյա պարապուրդն» է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի 10%-ով թանկացման հիմքում։
«Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը» (ՀրազՋԷԿ), համաձայն 2013թ. և 2014թ. առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվության, ստացել է մոտ 2,5 մլրդ դրամի շահույթ, որից 1,4 մլրդ-ը՝ 2013-ին, և մոտ 1,1 մլրդ դրամը՝ 2014-ի առաջին եռամսյակում։
ՀրազՋԷԿ-ին նման շահույթ ապահովել է ծրագրվածից ավելի էլեկտրաէներգիայի իրացումը։ Այսպես, 2013թ. հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի բարձրացված՝ 38 դրամ/կՎտժ (աճը 8 դրամ կամ 27%) սակագնի հիմքում դրվել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին) ՀրազՋէկ-ից պետք է գներ 138,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (1Կվտ/ժ-ի սակագինը՝ առանց ԱԱՀ-ի, 59,4 դրամ), իրականում ջէկից գնվել է 643 մլն կՎտ/ժ։ Ծրագրված և փաստացի ցուցանիշների 4,6 անգամով տարբերությունը ՀրազՋԷԿ-ին հաշվարկված 181 մլն դրամի փոխարեն անցյալ տարի 1,4 մլրդ դրամի կամ 7,7 անգամ ավելի շահույթ է ապահովել։
Էներգետիկ ոլորտի օրենսդրական ակտերը սահմանում են, որ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավորումը, էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման գործառույթների պլանավորումն ու կոորդինացումը իրականացնում է «Էներգետիկ համակարգի օպերատոր» պետական ընկերությունը։ Պարզ ասած, այս ընկերությունն է որոշում, թե որ ժամանակահատվածում, ինչ ծավալով և որ արտադրող կայաններից պետք է ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա գնի։
Այս տարի ևս «Էներգետիկ համակարգի օպերատոր» ընկերության գործողությունների շնորհիվ ՀԷՑ-ը առաջին եռամսյակում ՀրազՋԷԿ-ից գնել է 334,5 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ առաջին եռամսյակում ջէկին ապահովելով 1,1 մլրդ-ի զուտ շահույթ։
ՀրազՋԷԿ-ից ծրագրվածից ավելի էլեկտրաէներգիայի ձեռքբերումը, և, որպես արդյունք, ընկերության նման ծավալի շահույթը, պատճառներից մեկն է (նշվում է նաև 2013-ի սակավաջուր լինելն ու Մեծամորի ատոմակայանի՝ 88 օր չաշխատելը), որ այս տարվա օգոստոսի 1-ից վերջանական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա 10%-ով։
Այսպես, անցած տարի ՀԷՑ-ի կողմից ձեռքբերված էլեկտրաէներգիայի կառուցվածքում ՀրազՋԷԿ-ի արտադրանքի մասնաբաժնի ծրագրված 2,3%-ից մինչև 10,1% ավելացումը ՀԷՑ-ին 9,88 մլրդ դրամի վնաս է պատճառել, որն էլ պետք է փոխհատուցվի օգոստոսի 1-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։
Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու են «Էներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունում որոշել էներգետիկ համակարգի անցած տարվա ճեղքվածքը համալրել հենց ՀրազՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիայով, եթե հաշվի առնենք, որ, օրինակ՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի (1 կՎտ/ժ-ի սակագինը՝ 33,4 դրամ) դրվածքային հզորությունները թույլ են տալիս արտադրել տարեկան 3 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ 2013-ին օգտագործվել է այս հզորությունների ընդամենը 36%-ը։ Այլ կերպ, եթե էներգետիկ համակարգում առաջացած մոտ 500 մլն կՎտ/ժ-ի ճեղքվածքը լրացվեր Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արտադրանքի միջոցով, ՀԷՑ-ի վնասները պակաս կլինեին 1,5 մլրդ դրամով։
Մյուս կողմից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ վերջնական սպառողների համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով բարձրացնելու հաշվարկներում հիմնավորված չի թվում, թե ինչու է ՀրազՋԷԿ-ի 1 կՎտ/ժ սակագնի՝ 49,2 դրամի հիմքում դրվում 190 մլն դրամ շահույթի ցուցանիշը, այն դեպքում, երբ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունն արդեն 1,1 մլրդ դրամի շահույթ է ունեցել։ Անցած տարվա և այս տարվա առաջին եռամսյակում ՀրազՋԷԿ-ի փաստացի շահույթի ծավալներն արդեն իսկ բավարար էին, որ օգոստոսի 1-ից ՀԾԿՀ-ն ջերմակայանի էլեկտրաէներգիայի համար սահմաներ ավելի փոքր սակագին, դրանով իսկ մեղմելով վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացումը։
Civilnet











