Կառավարությունում գնահատել են տնտեսական աճի միջնաժամկետ հեռանկարները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում պակասել է Հայաստանի տնտեսական հեռանկարների շուրջ լավատեսությունը։ Այս տարվա բյուջեի հիմքում նախորդ կառավարությունը դրել էր ՀՆԱ աճի 5,2% ցուցանիշը. նոր կառավարությունը «Հայաստանի 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» սպասում է, որ այս տարի աճը կկազմի 4%։ 2015-2017 թթ. համար իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվում է համապատասխանաբար` 5%, 5,3% և 5,7% մակարդակում։ Նոր կառավարությունը փաստացի 1,3 տոկոսային կետով նվազեցրել է 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշները։
Ըստ կառավարության 2015-2017 թթ. ծրագրի՝ միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները։
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝այս տարի Հայաստանի տնտեսության աճը կարող է կազմել 4,3%-ով։
Արտաքին միջավայրից Հայաստանի տնտեսական աճի նվազման ռիսկերի շարքում կառավարությունը նշել է աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում՝ տարածաշրջանում ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, հարևանների հետ քաղաքական հակադրություններն ու զարգացող երկրներում աճի տեմպի դանդաղման հնարավորությունը։ Ռիսկերի շարքում նշվել է նաև բորսայական ապրանքների գների անորոշությունը, որի պայմաններում դրամավարկային կարգավորման մարմինների քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ սպառողական ապրանքների գների աճը չհանգեցնի ավելի լայն գնաճային ճնշումների:
Համաձայն ծրագրի՝ էներգակիրների ներմուծման գների հետագա հնարավոր բարձրացումը միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսվարողների համար կհանգեցնի ծախսերի աճի, ինչը կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների՝ հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա:
Տնտեսական աճի տեմպի դանդաղման ռիսկերի թվում նշվում է նաև դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ու արտահանման ծավալների նվազման հնարավորությունը, պայմանավորված Ուկրաինայում քաղաքական զարգացումներով ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։
Ներքին ռիսկերի թվում կառավարությունը նշել է գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումը՝ պայմանավորված բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորմամբ։
Գնահատվել են նաև էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները. «Ամբողջական առաջարկի և պահանջարկի տեսանկյուններից գնահատված ՀՆԱ-ի իրական աճի վրա էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման առաջնային (ուղղակի) ազդեցության գնահատականները վկայում են, որ այս գործոնը ևս կարող է շեղումներ մտցնել 2014թ. տնտեսական աճի բազիսային կանխատեսման սցենարից՝ աճի տեմպերի նվազման ուղղությամբ»,- նշվում է ծրագրում։
Կառավարությունում այդուհանդերձ գտնում են, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են լինելու պայմանավորված հիմնականում համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով:
Հիմնական մակրոտնրեսական ցուցանիշները, «Հայաստանի 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր»
Civilnet











