Գլխավոր Լրահոս

90 միլիոն դոլար Հայաստանին` Համաշխարհային բանկից

90 միլիոն դոլար Հայաստանին` Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 2-ին հաստատել է 40 միլիոն դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում և 50 միլիոն դոլար փոխառության տրամադրումը` Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` առաջին փոխառությունը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը: Երկրորդ փոխառության նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: 

Ըստ ՀԲ-ի` Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է, և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայում ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230 կմ հատված՝ Հրազդանի ջէկից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները:

«Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Իսկ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի մասով նա նշել է, որ այն «կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային և ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տևականորեն ապահովելու համար»:

Երկրորդ ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի հետևյալ հարցերում` (1) առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավում Հայաստանում, (2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանը ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու միջոցով, և (3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման  միջոցով:

Էներգամատակարարման հուսալիության ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն դոլար, որից 10 միլիոն դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ  (ՎԶՄԲ) փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59,5 միլիոն դոլար, որից 9,5 միլիոն դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում