Էներգետիկ ոլորտի օրենսդրական ակտերը սահմանում են, որ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարումը, էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման գործառույթների պլանավորումն ու կոորդինացումն իրականացնում է «Էներգետիկ համակարգի օպերատոր» պետական ընկերությունը։ Պարզ ասած, այս ընկերությունն է որոշում, թե որ ժամանակահատվածում, ինչ ծավալով և որ արտադրող կայաններից պետք է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) էլեկտրաէներգիա գնի։
Օգոստոսի 1-ից 1 կՎտ էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով բարձրացնելու հիմնական պատճառը էներգետիկ համակարգում առաջացած ֆինանսական ճեղքվածքն է: Այն առաջացել է 2013-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 88 օր պարապուրդի ժամանակ` ՀԷՑ-ի կողմից ավելի թանկ էլեկտրաէներգիայի ձեռքբերման պատճառով:
ՍիվիլՆեթը գրավոր հարցում էր ուղարկել «Էներգետիկական համակարգի օպերատորին», թե ինչով է պայմանավորված, որ 2013-ին ՀԷՑ-ը ծրագրված 138,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի փոխարեն «ՀրազՋԷկից» գնել է ավելի քան 600 մլն կՎտ/ժ էներգիա, և արդյոք հնարավոր չէր համակարգում առաջացած ճեղքվածքը բավարարել Հրազդան 5-ի էլեկտրաէներգիայի հաշվին: «Էներգետիկական համակարգի օպերատորի» գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանն իր գրավոր պատասխանով խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:
«Էներգետիկական համակարգի օպերատորի» տնօրենի պատասխանն այդքան էլ հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավորումը, էլեկտրաէներգիայի արտադրության և տարանցման պլանավորումն ու կոորդինացումը հենց նրա գլխավորած ընկերության գործառույթներն են:
Վերջնական սպառողների, այդ թվում` բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստին հաստատել է արտադրող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ըստ այդմ` օգոստոսի 1-ին բնակչության համար ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ/կՎտ/ժ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամ/կՎտ/ժ։
Հանրության շրջանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել: Մտահոգությունների համաձայն` սակագնի բարձրացումը ոչ միայն ուղակիորեն է ազդելու բնակչության կենսամակարդակի վրա, այլև անուղղակիորեն հանգեցնելու է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացմանը:
Civilnet











