Լուսանկարը` Ֆոտոլուրի
Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷս) Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը հուլիսի 3-ին որոշում է կայացրել Հայաստանին 150 մլն դոլարի ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ փուլի ծրագրի ֆինանսավորման համար: Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարչի` Եվրասիական զարգացման բանկի տարածած հաղորդագրության համաձայն` որոշումն ընդունվել է բանկի դրական եզրակացության հիման վրա:
Որ հայկական կողմը նախատեսում է «Հյուսիս-հարավ» ծրագրի համար միջոցներ ներգրավել նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից, հայտնի էր դեռ 2013թ. հունիսին, երբ հիմնադրամի խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի նախնական հայտին։ Ճանապարհատվածի շինարարության նախագիծը գնահատվել էր 100 մլն դոլար. nախագիծն այժմ թանկացել է 50%-ով։
Ներգրավվելիք միջոցներն ուղղվելու են Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային մայրուղու՝ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության ֆինանսավորմանը։
Տեղեկանք
ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի կապիտալը 8,5 մլրդ դոլար է, որից 7,5 մլրդ-ը Ռուսաստանի, 1 մլրդ-ը՝ Ղազախստանի ներդրումն է: Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ներդրումը 1-ական միլիոն դոլար է, Բելառուսինը՝ 10 մլն դոլար:
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) երկարությունը կազմում է 556 կմ, ծրագրի իրականացման ժամկետը՝ 2009-ից մինչև 2017-ը: Ծրագրի իրականացման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2009թ. սեպտեմբերին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որում ծրագիրը գնահատվել է 962 մլն դոլար, ԱԶԲ-ի ֆինասնավորումը՝ 500 մլն: ԱԶԲ-ի երկու տրանշերով 2010թ. հատկացվել են 230 մլն դոլարի վարկային միջոցներ: «Տրանշ-1»-ով հատկացված 60 մլն դոլարն ուղղվել է Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնողական, իսկ «Տրանշ-2»-ի 170 մլն դոլարը՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցման աշխատանքներին։ Այս տարի Երևանում ստորագրվել է «Տրանշ 3»-ով 100 մլն դոլար վարկային միջոցներ հատկացնելու պայմանագիր։
Civilnet











