Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով, բայց վստահ հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:
Թեև հանդիպումը շատ ավելի ակտիվ սկսեցին բելգիացիները և մեկնարկային 6-7 րոպեներին մրցակցին գրեթե մոտ չէին թողնում գնդակին, հաշիվը բացեցին արգենտինացիները` Գոնսալո Իգուաինը 8-րդ րոպեին գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը: Գոլից հետո Ալեանդրո Սաբելյայի սաները գցեցին հանդիպման տեմպն ու սկսեցին հանգիստ պաշտպանվել:
30-րդ րոպեին վնասվածք ստացավ Անխել դի Մարիան, թվում էր արգենտինացու վնասվածքը լուրջ չէ, սակայն 3 րոպե անց նա չկարողացավ շարունակել խաղն ու փոխարինվեց:
40-րդ րոպեին Լիոնել Մեսսին կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց Լեոյի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը փոքր-ինչ բարձր ընթացավ: 2 րոպե անց արդեն բելգիացիները կարող էին աչքի ընկնել, բայց այս դեպքում էլ Քևին Միրալասի հարվածն աննշան շեղ ստացվեց:
Ընդմիջումից հետո արգենտինացիներն ավելի վստահ տեսք ունեին, ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի վտանգավոր գրոհում, իսկ 54-րդ րոպեին Իգուաինի փոխանցումից հետո Կուրտուային օգնության հասավ դարպասաձողը: Մնացած ժամանակահատվածում Մարկ Վիլմոթսի սաներն այդպես էլ չկարողացան անհանգստացնել Սերխիո Ռոմերոյին և պարտություն կրեցին: Մրցավարի ավելացրած ժամանակում Լիոնել Մեսսին կարող էր այս առաջնությունում իր 5-րդ գոլը հեղինակել, բայց Տիբո Կուրտուան հրաշալի գործեց իր առջև միայնակ մնացած ահեղ մրցակցի դեմ:
Արգենտինան կիսաեզրափակչում է, որտեղ կհանդիպի Հոլանդիա - Կոստա Ռիկա հանդիպման հաղթողի հետ:
Civilnet











