Միջին ամսական կենսաթոշակը 2015թ. հունվարի 1-ից կկազմի 41471 դրամ, 2016-ին՝ արդեն 47277 դրամ։
Կառավարությունը 2015թ. նախատեսում է աշխատանքային կենսաթոշակների ծախսերն ավելացնել 31,6 մլրդ դրամով կամ 16,1%-ով՝ հասցնելով 227,3 մլրդ դրամի։ Արդյունքում, 2015թ. հունվարի 1-ից միջին ամսական կենսաթոշակը կավելանա 5400 դրամով կամ 15%-ով՝ կազմելով 41471 դրամ, ներկայիս 36000 դրամի համեմատ (աճը 2013-ի համեմատ՝ 15%)։ Կենսաթոշակները 14%-ով կավելանան նաև 2016-ին՝ մինչև 47277 դրամ։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարության, 2015թ. համար կենսաթոշակների ավելի համեստ աճ է նախատեսում։ Նախորդ կառավարությունը 2015թ. աշխատանքային միջին կենսաթոշակի չափ էր նախատեսում 43297 դրամը: Համաձայն «Հայաստանի 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի» վերանայված տարբերակի, աշխատանքային կենսաթոշակի չափը նախորդի ծրագրային ցուցանիշից նվազեցվել է 1826 դրամով։ Արդյունքում տնտեսվելու է 1,6 մլրդ դրամ։
Մյուս կողմից, եթե նախորդ կառավարությունը 2016թ. համար աշխատանքային կենսաթոշակների բարձրացում չէր նախատեսում, նոր կառավարությունը 2016-ին ևս կենսաթոշակների 14% ավելացում է ծրագրում՝ մինչև 47277 դրամ։
Թեև այս տարվա հուլիսի 1-ից Ազգային Ժողովի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ընդունված փոփոխություններով քաղաքացին իրավունք ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգի համար նպատակային սոցիալական վճար կատարելու պարտականությունից, կառավարությունը շարունակելու է իր պարտականությունները։
Պարզ ասած, եթե քաղաքացին հրաժարվում է կուտակային համակարգին իր աշխատավարձից փոխանցել 5%-ի չափով նպատակային սովիալական վճար, կառավարությունը պետբյուջեից միևնույն է քաղաքացու հաշվին փոխանցելու է 5% մասնավճարը։ Այսպես, «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում» ծրագրի գծով 2015թ. նախատեսվում է պետբյուջեից ծախսել 26,3 մլրդ դրամ, 2016-ին՝ 31,5 մլրդ, 2017-ին՝ 37,7 մլրդ դրամ։
Գործադիրը «2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում» ակնակալում է, որ գալիք տարի կենսաթոշակառուների թիվը Հայաստանում կավելանա 4,5 հազարով և կկազմի 456,7 հազ. մարդ։
Civilnet











