Գլխավոր Լրահոս

Ոսկերչական ազատ գոտի Երևանում

Ոսկերչական ազատ գոտի Երևանում

Հուլիսի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ), հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

2014թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ` ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն արդեն աշխատանքներ է սկսել Երևանում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ուղղությամբ: Կառավարության  հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ ԱՏԳ-ի տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել ութ ընկերությունների հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնգ Կոնգ, Ավստրիա, Բելգիա: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների և զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երևան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը և Հայ ոսկերիչների համաշխարհային միության ամենամյա համաժողովը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տարածքում հիմնականում ներգրավվելու  են ճանաչված արտասահմանյան բրենդներ, որոնց արտադրանքը ամբողջությամբ պետք է արտահանվի, իսկ եթե այդ ընկերությունները ցանկանան իրենց արտադրանքը իրացնել Հայաստանի ներքին շուկայում, ապա պետք է անցնեն մաքսային ողջ գործընթացը՝ մաքսազերծում, ինչպես նաև հարկային օրեսնդրությամբ նախատեսված մնացած բոլոր գործընթանցերը:

Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը չի կարծում, որ գոտու ստեղծմամբ տեղական ոսկերչական ընկերությունների համար վատ պայմաններ են ստեղծվում: «Ոսկերչական ազատ տնտեսական գոտին ստեղծվում է  նախևառաջ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիաների ներգրավաման համար: Այսինքն հիմնական նպատակը դրսից նոր ընկերությունների ներգրավումն է»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ գոտու ստեղծման նպատակը նաև արտահանման ծավալները խթանելն է: 

Ինչ վերաբերում է տեղական արտադրողների մտահոգությանը, որ արտահանման տեսակետից իրենք անհավասար պայմաններում են հայտնվում՝ համեմատ գոտում ներգրավված ընկերությունների, Միրզոյանը նշեց, որ ոսկերչության ոլորտը հարկային առումով ամենաբարենպաստ ոլորտներից է: «Մասնավորապես՝ ազատ հումքի շրջանառությունը ազատված է ավելացված արժեքի հարկից: Այսինքն՝ ոսկերչության ոլորտում ընկերությունը ավելացված արժեքի հարկ վճարում է միայն պատրաստի արտադրանքի համար: Մեզ մոտ այդ ոլորտը բավական դյուրին հարկային դաշտում է»,- ասաց Միրզոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում