Այն ինչ Մունդիալ 2014-ի առաջին կիսաեզրափակչի մեկնարկային 29 րոպեներին Գերմանիայի հավաքականն արեց Բրազիլիայի ընտրանու հետ, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել: Անգամ հիմա, երբ հանդիպումն արդեն ավարտվել է, դժվար է հավատալ, որ գերմանացիները 29 րոպեում 5 գոլ խփեցին Ժուլիո Սեզարին:
Հանդիպման 11-րդ րոպեին հաշիվը բացեց Թոմաս Մյուլլերը, 23-րդ րոպեին Միրոսլավ Կլոզեն դարձավ պատմական գոլի հեղինակ, այնուհետև Թոնի Կրոսը երկու րոպեում երկու գոլ խփեց (24', 26'), իսկ 29-րդ րոպեին Սամի Խեդիրան հաշիվը դարձրեց 5:0: Ամբողջ առաջին խաղակեսում բրազիլացիները ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին մրցակցի դարպասի մոտ:
Ընդմիջումից հետո Լուիս Ֆելիպե Սկոլարի սաներն ակտիվացան, բայց խաղակեսի սկզբում Գերմանիայի ընտրանու դարպասապահը երկու հրաշալի սեյվ կատարեց, որից հետո տանտերերը հանգստացան: Իսկ Յոահիմ Լյովի սաները չէին պատրաստվում բավարարվել ձեռք բերածով՝69-րդ և 79-րդ րոպեներին Անդրե Շուրլեն ևս երկու գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով խայտառակ՝ 7:0, և միայն 90-րդ րոպեին Օսկարը կարողացավ խփել հեղինակության գոլը:
Գերմանիան հաղթեց 7:1 հաշվով և մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Արգենտինա - Հոլանդիա հանդիպման հաղթողի հետ:
Civilnet











