Խմելու ջրի սակագինը Երևանում դեռ անփոփոխ կմնա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 9-ի նիստում չբավարարեց Երևանում խմելու ջրի սակագինը բարձրացնելու «Երևան ջուր» ընկերություն հայտը։
Ընկերությունը Հանձնաժողովին փետրվարի վերջին ներկայացրել էր 2014-2015 թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները, առաջարկելով ծառայությունների գործող սակագինը (170,25 դրամ/խմ) բարձրացնել 7,5 դրամով կամ 4,4%-ով՝ մինչև 177,75 դրամ/խմ:
ՀԾԿՀ-ն հուլիսի 9-ի նիստում քննարկելով ընկերության հայտը, որոշել է Երևանում խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագինը թողել անփոփոխ՝ 170,25 դրամ/խմ։
Որպես սակագնի բարձրացման հիմնական գործոն ընկերությունը նշել էր դոլար/եվրո փոխարժեքը, գնաճը, մանրածախ ջրամատակարարման ծավալները։ Հանձնաժողովում չեն համաձայնել ընկերության ներկայացված հաշվարկների հետ։
Խմելու ջրի սակագինը Երևանում բարձրացնելու ընկերության ցանկությունը չի համընկնում ստանձնած պարտավորություններին։ Այսպես, 2005թ. ՀՀ կառավարության և «Երևան ջուր» ընկերության կառավարումը ստանձնած ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝ վերջինս պարտավորվել էր 2009-ից սկսած մայրաքաղաքում խմելու ջրի գինն աստիճանաբար իջեցնել և 10-րդ տարում հասցնել 93 դրամ/խմ-ի։ Փաստացի, «Ժեներալ դեզ Օ»-ն ոչ միայն չի կատարում համաձայնագրով ամրագրված պարտավորությունները, այլև փորձում է բարձրացնել ծառայությունների սակագինը։
Civilnet











