Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը կփոխանցի Ռուսաստանի մրցակցային կառույցին։ Այս մասին հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից։
Ինչպես ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում, ՏՄՊՊՀ-ն մի շարք բողոքների հիման վրա ուսումնասիրություն է սկսել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ։ Բողոքներում նշվում է, որ ընկերությունը լրատվամիջոցներով, ինչպես նաև գովազդի միջոցով հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով: Ըստ բողոքների՝ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
ՏՄՊՊՀ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո: Պարզվել է նաև, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետերը Ռուսաստանում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն է, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային և գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով: Այսինքն՝ փաստացի խնդիրը վերաբերում է Ռուսաստանում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը։
Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության մրցակցային մարմինների միջև գործում է տեղեկատվության փոխանակման միացյալ բազա, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ՝ վերոնշյալ գործի նյութերը կուղարկվեն ՌԴ՝ հարցին ընթացք տալու և ուսումնասիրությունները շարունակելու նպատակով։
Civilnet











