Գլխավոր Լրահոս

Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ

Ալեքսանյանը օղին կկեղծի կառավարության արտոնությամբ

2010-ից Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող նմանակված օղիների պիտակներին որպես արտադրող նշվում է «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը՝ նախկին «Ալեքս Գրիգ»-ի փոխարեն։

Կառավարությունը որոշել է երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպիրտ, որի 25%-ը խոստանում է արտահանել։

Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում նախատեսում է հավանություն տալ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որում առաջարկվում է երեք տարով հետաձգել «Ա և Գ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում բարձրացնելու է սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը, թողարկվող սպիրտի որակն ու քանակը։

Համաձայն ներդրումային ծրագրի, ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան 20,1 մլրդ դրամի արտադրանք, որի 25%-ը կարտահանվի Ռուսաստան, Իրաք և Վրաստան: Փաստացի, «Ա և Գ» ընկերությունը ամբողջովին բավարարելու է ներքին շուկան։ Անցած տարի Հայաստանում արտադրվել է 5,6 մլն լիտր էթիլային սպիրտ՝ մոտ 16,8 մլրդ դրամ արժողությամբ, որի 71%-ն արտահանվել է։

Ֆինանսների, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունը դրական են գնահատել «Ա և Գ» ընկերության ներդրումային ծրագիը, հնարավոր 50-ից այն ստացել է 26,5 միավոր։

Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ստեղծել 40 աշխատատեղ (սպիրտի արտադրամասի ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)՝ 110,000 դրամ միջին աշխատավարձով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 160,000 դրամ, մասնավոր հատվածում՝ 190,000 դրամ։

Այլ հավասար պայմաններում «Ա և Գ» ընկերությունը հազիվ թե ստանար մոտ 400 մլն դրամի հարկերի վճարման հետաձգման արտոնություն, եթե չլիներ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի գործոնը։ Իհարկե, ըստ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ «Ա և Գ» ընկերությունը 2009թ. հիմնադրել են ոմն Վիկտոր Մանուկյանը և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Պաշկոն, բայց այն իրականում փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ։

«Ա և Գ» ՍՊԸ-ն մասնագիտացած է կեղծ և նմանակված օղիների արտադրությամբ ։ Մինչ վերջերս Հայաստանում այլ արտադրողների օղիներին շփոթության աստիճան նմանակող օղիների արտադրությամբ մասնագիտացած էր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ 2010թ., երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը յոթ վարչական վարույթ հարուցեց և ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամի տուգանք կիրառեց այս ընկերության նկատմամբ՝ պարտադրելով դադարեցնել արտադրությունն ու կեղծ օղիների իրացումը, Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող նմանակված օղիների պիտակներին որպես արտադրող հայտնվեց արդեն «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում