Մունդիալ 2014-ի երկրորդ կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը ետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց Հոլանդիայի ընտրանուն և նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Առաջին խաղակեսն անցավ լարված ու հավասար պայքարում: Արգենտինայի հավաքականը տարածքային առավելություն ուներ, բայց երկու թիմերն էլ ավելի շատ մտածում էին գոլ բաց չթողնելու, ոչ թե խփելու մասին, և պատահական չէ, որ միմյանց դարպասների մոտ ոչ մի գոլային պահ չստեղծեցին:
Ընդմիջումից հետո հոլանդացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, բայց մինչև 90-րդ րոպեն խաղն անցավ առանց վտանգավոր պահերի, իսկ հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Արիեն Ռոբենը կարող էր գրավել Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասը, սակայն սահանկումների մեծն վարպետԽավիեր Մասկերանոն վերջին պահին փակեց դեպի գնդակի ճանապարհը:
Լրացուցիչ ժամանակում թիմերը, հատկապես արգենտինացիները, շատ ավելի ակտիվ էին, քան նախորդ 90 րոպեներին: Ալեխանդրո Սաբելյայի սաները երկու անգամ շատ մոտ էին հաջողությանը. 115-րդ րոպեին Ռոդրիգո Պալասիոն միայնակ մնաց Սիլեսենի առջև, բայց շատ վատ հարվածեց, իսկ մեկ րոպե անց Լիոնել Մեսսին աջ եզրով հրաշալի անցում կատարեց, գնդակը փոխանցեց Մաքսի Ռոդրիգեսին, ում հարվածը նույնպես լավ չստացվեց, և Սիլեսենը որսաց գնդակը:
Աշխարհի առաջնության եզրափակչի երկրորդ ուղեգրի ճակատագիրը որոշվեց ետխաղյա 11 մետրանոցների արդյունքում: Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմեռոն հոլանդացիների առաջին իսկ հարվածը ետ մղեց, Մեսսին հաշիվը դարձրեց 1:0, Ռոբենը հավասարեցրեց այն, Գարայը կրկին առաջ մղեց Արգենտինային, Սնեյդերի հարվածից հետո Ռոմեռոն երկրորդ անգամ հրաշալի ցատկով ետ մղեց գնդակը, Ագուերոն հաշիվը դարձրեց 3:1, Կայտը չվրիպե` 3:2, իսկ Մաքսի Ռոդրիգեսի գոլը հաղթական էր արգենտինացիների համար:
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը ետխաղյա 11 մետարանոցներով հաղթեց 4:2 հաշվով և մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:
Civilnet











