Կառավարությունը հուլիսի 10-ի նիստին հավանություն տվեց մի որոշման նախագծի, որով գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանիհետփոխկապակցված «ԱևԳ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարով՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։
Կառավարության նիստից հետո որոշման նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը խուսափեց պատասխանել Սիվիլնեթի հարցին, թե արդյոք տեղյա՞կ է ինչ տնտեսական գործունեություն է ծավալում «Ա և Գ» ընկերությունը։ Նրա խոսքով՝ ընկերությանը ժամանակավոր հարկային արտոնությունները տրվել են սահմանված կարգով՝ գնահատվել է ներդրումային ծրագիրն ու ըստ այդմ կայացվել որոշում։
Հարցին, թե որքանով է նպատակահարմար արտոնություններ տրամադրել մի ընկերության, որը զբաղված է օղի արտադրող ռուսական և ուկրաինական հայտնի ընկերությունների օղիների նմանակմամբ, Մելքոնյանն ասաց. «Եթե կա այդպիսի բան, ապա դա այլ օրենսդրության խնդիր է և այլ օրենսդրության շրջանակում պետք է լուծվի»։
Փոխնախարարը չպարզաբանեց, թե այլ հավասար պայմաններում «Ա և Գ» ընկերությունը կստանա՞ր 400 մլն դրամի հարկերի վճարման հետաձգման արտոնություն։
«Ա և Գ» ՍՊԸ-ն մասնագիտացած է կեղծ և նմանակված օղիների արտադրությամբ։ Մինչ վերջերս Հայաստանում այլ արտադրողների օղիներին շփոթության աստիճան նմանակող օղիների արտադրությամբ մասնագիտացած էր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ 2010թ., երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը յոթ վարչական վարույթ հարուցեց և ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամի տուգանք կիրառեց այս ընկերության նկատմամբ՝ պարտադրելով դադարեցնել արտադրությունն ու կեղծ օղիների իրացումը, Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող նմանակված օղիների պիտակներին որպես արտադրող հայտնվեց արդեն «Ա և Գ» ՍՊԸ-ի անունը։
Civilnet











