Հունիսի 4-ին Ստամբուլի առաջին ատյանի 13-րդ դատարանը մերժել է Հայոց պատրիարքարանի հայցը՝ Սանասարյան Հան պատմական շինության վերադարձի վերաբերյալ. կառույցը պետության կողմից առգրավվել էր մոտ յոթ տասնամյակ առաջ: Դատարանը նման որոշում է ընդունել՝ չնայած Թուրքիայի կառավարության վերջերս ընդունած այն պլանին, որի համաձայն՝ փոքրամասնությունների ունեցվածքը պետք է վերադարձվի: Հայոց պատրիարքարանը իրավական այս պայքարը մղում է 2011-ից ի վեր, վերջերս էլ դարձել է խարդախության զոհ, երբ 6 հազ. լիրա է փոխանցել որպես վարչապետարանի տեսուչ ներկայացած մի խաբեբայի, որը գումարի դիմաց խոստացել է առաջ տանել կառույցի վերադարձի հարցը:
Սանասարյան Հանի վերադարձի վերաբերյալ դատական գործի ու ապագայում անելիքի մասին ՍիվիլՆեթի Ալին Օզինյանը զրուցել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Վերջինս վճռական է պայքարը շարունակելու հարցում և ասում է, որ անհրաժեշտության դեպքում Պատրիարքարանը կդիմի անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Սանասարյանի շուրջ դատը շարունակվում է մոտ երկու տարի: Մենք հույս ունեինք շահել, սակայն դատարանը մերժեց հայցը: Սա անշուշտ առաջին ատյանի դատարանի որոշում է, և մենք կշարունակենք մեր պայքարը՝ դիմելով ավելի բարձր ատյանի դատարան: Եթե չհաջողվի հարցը լուծել թուրքական դատարաններում, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Սանասարյան Հան պատմական շինությունը կառուցվել է 1895թ. Մկրտիչ Աղա Սանասարյանի կողմից: Թուրքական պետությունն այն առգրավել է Հանրապետության առաջին տարիներին: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հարցը քննարկել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի քանի օր անց Պատրիարքարան է եկել մի մարդ, որը ներկայացել է որպես վարչապետարանի տեսուչ: Նա խնդրել է Աթեշյանին ստորագրել վարչապետի բլանկով փաստաթղթեր՝ ասելով, որ Սանասարյան Հանը կվերադարձվի Պատրիարքարանին: «Տեսուչն» այնուհետև «նվեր» է պահանջել, ստացել է 6 հազ. թուրքական լիրա (մոտ 2,800 դոլար) ու հօդս ցնդել: Շուտով Աթեշյանը հասկացել է, որ իրենց խաբել են: Հարցը հասել է դատարան:
Ինչպես Al-Monitor կայքում գրել է սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը, խարդախության հետ կապված գործին նայելով՝ «կարելի է դիտարկումներ անել Թուրքիայի փոքրամասնությունների այսօրվա պայմանների և հոգեբանության վերաբերյալ»:
«Պատրիարքարանին խարդախության զոհ դարձնելու հետևում կանգնած է ունեցվածքից զրկելու թուրքական պետության անողորմ քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ վարվում է փոքրամասնությունների հանդեպ»,- գրել է Ջենգիզը:
Հայկական ունեցվածքի վերադարձի ու Պոլսի հայ համայնքի արդի այլ խնդիրների ու մարտահրավերների մասին ՍիվիլՆեթը մայիսին զրուցել էր Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
Ստորև՝ հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը և տեքստային տարբերակը:
Civilnet











