Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գտնում են, որ պարտապանի հաշվիների սառեցման բնագավառում կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿ) արձագաքնել է Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի օրենսդրական նախաձեռնությանը, որն առաջարկում էր պարտապանի հաշիվները սպասարկող բանկում պարտապանի դրամական միջոցների արգելանք միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ։ ԴԱԿՀ-ի իրավաբանական բաժնի պարզաբանման մեջ նշվում է, որ պարտապանի հաշվիների սառեցման բնագավառում կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ։
Պարզաբանման մեջ նշվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
«ԴԱՀԿ-ի հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը»,- ասվում է ԴԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Առևտրային բանկերի կողմից քաղաքացիները հաշիվների սառեցման գործընթացը պարզաբանելու շուրջ ՍիվիլՆեթի հարցմանը Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ասացին, որ Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերի կողմից արգելանքը կիրառվում այն գումարի չափով, որը նշվում է համապատասխան հաղորդագրության մեջ, այսինքն՝ հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով։
Վերջերս քաղաքացիների շրջանում բազմաթիվ են բողոքները` կապված ճանապարհային տուգանքների հետ: Հարցի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ այն համարելով խնդրահարույց:
Օրենքի համաձայն՝ հարկադիրն կատարման են ենթակա անբողոքարկելի վարչական ակտերը: Այսպիսի ակտ են համարվում վարչական ակտերը որոնք չեն բողոքարկվել 1-2 ամսում: Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժնի տարածած հաղորդագրությանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նաև նախաձեռնության հեղինակներից, Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, նշելով, որ «այս առումով օրենսդրական բաց առկա չէ, և ի դեպ հեղինակները դա չեն էլ պնդել»:
«Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ, որ ներկայացվում են, այլ նաև տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից և կիրառությունից խուսափելու նպատակով։ Քննարկվող օրենդրական նախաձեռնությունը հենց այդ ոլորտից է»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ ԱԺ պատգամավորի՝ իրենց հեղինակած օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել խաղի կանոնները, և ոչ թե ԴԱՀԿ ծառայության համար, այլ հատկապես այլ մարմինների, որոնք կիրառում են այդ մարմնի որոշումը:
Civilnet











