Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումը։
Հովիկ Աբրահամյանի և գործարարների մայիսի 14-ի հանդիպումից հետո վարչապետը վերջիններիս առաջարկել էր մինչև հուլիսի 1-ը դուրս գալ ստվերից ու գործունեություն ծավալել հավասար մրցակցային պայմաններում։ Ֆինանսների նախարարությանն էլ հանձարարվել էր տասնօրյակը մեկ ներկայացնել ստվերի դեմ պայքարի արդյունքները։ Հուլիսի առաջին տասնօրյակի համար հարկային տեսչության կողմից առանձնացված 1200 հարկ վճարողներից ստվերից կամավոր դուրս են եկել 98-ը կամ ընդամենը 8%-ը։
Համաձայն ֆինանսների նախարարության «Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների հաշվետվություն» (հուլիսի 1-ից հետո հրապարակվելու է տասնօրյակը մեկ) տեղեկագրի՝ 2014թ. ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշտգրված հաշվարկներ. արդյունքում հաշվարկվել է 391,65 մլն դրամ լրացուցիչ շահութահարկ, որից 15 հարկ վճարողների մասով՝ 268,4 մլն դրամ։
Ըստ տեղեկագրի՝ միջին աշխատավարձի աճ է ապահովվել 426 գործատուի մոտ, որի արդյունքում միջին ամսական կտրվածքով ավելացել է ավելի քան 10,3 մլն դրամ եկամտային հարկի գումար, 5 գործատու էլ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագրել է աշխատողների թվաքանակի աճ (31 մարդ):
«Չընդունելով հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը՝ ավելի քան 520 հարկ վճարողներ հայտնվել են հսկողական միջոցառումների իրականացման ենթակա հարկ վճարողների ցանկում: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 50-ի մոտ ներկայում իրականացվում են հսկողական միջոցառումներ։ Մասնավորապես, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 174,4 մլն դրամ հարկային պարտավորություններ, հաշվիչ դրամական մեքենաների կիրառման կանոնների ստուգումների արդյունքում 4 հարկ վճարողների մոտ կանոնների խախտման դեպքերով արձանագրվել է 1,16 մլն դրամ տուգանք»,- նշված է տեղեկագրում։ Բացի այդ, աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 6 ստուգման արդյունքում հայտնաբերվել են 19 չգրանցված աշխատողներ և արձանագրվել է 2,3 մլն դրամի հարկային պարտավորություն։
Հ/Հ | ՀՎՀՀ | ԱՆՎԱՆՈՒՄ | ՃՇԳՐՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ |
1 | 02614085 | ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ | 57,504.9 |
2 | 01003256 | ԱԴԱՄԻՈՒՄ | 36,171.1 |
3 | 00003891 | ԱՐԱՅ | 35,728.9 |
4 | 04710526 | ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ | 32,621.7 |
5 | 00812658 | ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ. | 31,104.4 |
6 | 06805607 | ԱՏ ԳՐԵՅՆ | 18,816.4 |
7 | 01233168 | ԲԱԳՐԱՏՈՒՐ | 8,000.0 |
8 | 06944272 | Սմբո | 8,000.0 |
9 | 05801184 | ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ | 6,719.1 |
10 | 02582137 | ՌՈՒԺ ԲՈՒՏԵ | 6,394.3 |
11 | 02571605 | ՄԱՔՍՀՈՒՐ | 6,095.8 |
12 | 00260262 | ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ | 5,845.9 |
13 | 00858578 | ԱՍԷԴԼ | 5,576.9 |
14 | 00857601 | ԴԻՄԻՏՐԻ | 5,535.5 |
15 | 01239276 | ԷԿՈՖՈՒԴ | 4,266.4 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 268,381.3 | ||
Civilnet











