Հուլիսի 13-ին Թուրքիայի հարավային շրջան Քահրամանմարաշում (Մարաշ - ՍիվիլՆեթ) տեղի է ունեցել մոտ հազար հոգանոց բողոքի ցույց՝ ընդդեմ քաղաքում սիրիացի փախստականների ներկայության, հաղորդում է Today’s Zaman-ը:
Սոցիալական մեդիայի միջոցով կազմավորված խումբը, արգելափակելով փողոցները, պահանջում էր, որ քաղաքում ապրող սիրիացի փախստականները հետ ուղարկվեն իրենց երկիր: Շատերի կարծիքով՝ սա տեղացիների և սիրիացի փախստականների միջև հետզհետե աճող լարվածության վկայություն է:
Հնչեցնելով հակասիրիական կարգախոսներ՝ ցուցարարները մի շարք խանութներից պոկել են արաբերեն գրված ցուցանակները: Որոշները հարձակումներ են գործել սիրիացիներին պատկանող ավտոմեքենաների վրա, կոտրել ապակիները: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներում երկու կողմից եղել է մեկական վիրավոր:
Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ թուրքական դրոշներ և ծայրահեղ ազգայնական՝ «Գորշ գայլերի» տարբերանշաններ կրող ցուցարարներից շատերը պնդում էին, որ ներգաղթյալները հանցագործություններ են գործում և խախտում քաղաքի կարգուկանոնն ու անդորրը:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ավելի քան 1 մլն սիրիացի ապաստան է գտել Թուրքիայում. հարյուր հազարավոր սիրիացիներ ապրում են Թուրքիայի ճամբարներում, մյուսները հաստատվել են երկրի տարբեր քաղաքներում: Չկարողանալով գտնել աշխատանք՝ նրանցից շատերը բռնում են հանցավոր ուղին: Այս խնդիրը հատկապես ակներև է Գազիանթեփում, Հաթայում, Շանլըուրֆայում և Քահրամանմարաշում, որտեղ զգալի թվով սիրիացի փախստականներ կան:
Անցյալ շաբաթ նման ցույց կազմակերպվել էր նաև Գազիանթեփում. մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Ֆաթմա Շահինի հրաժարականը:
Թուրքիայի բազմաթիվ քաղաքական գործիչներ տեղացիների ու սիրիացի փախստականների միջև լարվածության, ինչպես նաև վերջիններիս չլուծված խնդիրների համար մեղադրում են կառավարությանը՝ կարծելով, որ ներկայիս զարգացումները վկայում են՝ քայլեր չձեռնարկելու դեպքում խնդիրը միայն սրվելու է:
Civilnet











