Արմավիրի մարզում` ձիասպորտի կենտրոնում, առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվի նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը:
Առաջնության գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրության համաձայն` նետաձգության մեջ իրենց ուժերը կչափեն 39 պետությունից ժամանած 272 մարզիկներ, որոնք կմրցեն թիմային և անհատական պայքարում: Արդեն ձևավորվել է տղաների 75 և աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցապայքարը կծավալվի օլիմպիական, կամպաուտ և միքս ձևերում: Առաջնության մասնակիցների կազմում ընդգրկված են օլիմպիական չեմպիոններ, ռեկորդակիրներ, աշխարհի բազմակի և Եվրոպայի չեմպիոններ:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել է մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիությամբ, տրամադրել է 6 համակարգիչ և 2 տպիչ սարք: Գերարագ ինտերնետի հասանելիության շնորհիվ ներբեռնված խաղերն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի միջազգային կայքում, իսկ իրադարձությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներն առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրադարձության լուսաբանումը:
Նետաձգության առաջնության անցկացման ընթացքում ցանցի և տրամադրված տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցները կլինեն ձիասպորտի կենտրոնում:
Civilnet











