Ո՞վ է գրել Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը

Հուլիսի 17-ին վեց տարվա ազատազրկման դատապարտեցին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին։ Այս մարդը մեղադրվում էր խարդախություն կատարելու մեջ` ըստ մեղադրանքի` ինչ-որ մեկից գումար շորթելով փորձել էր բանակի հարց լուծել։
Ինքնին դատավարության փաստն է զավեշտալի։ Որովհետև քանի տասնյակ պաշտոնյաներ բանակում ծառայելուց զերծ են մնացել առանց «մարդ մեջ գցելու»։ Մարդիկ պարզապես բանակ չեն գնացել։ Որովհետև Հանրապետականի մարդն են։ Եվ հենց այս հանգամանքն էլ ազատամարտիկին դարձնում է քաղբանտարկյալ, նույնիսկ եթե ինքն իսկապես խարդախություն է արել։ Հայաստանում անգամ մարդասպանության համար դատապարտվածն է քաղբանտարկյալ, որովհետև, ինչպես ՍԴ նախագահն է ասում, մեր օրենքները գրվել են իշխանությունների համար, ոչ թե սովորական քաղաքացու։ Այսինքն, մարդկանց դատապարտում են ոչ իրենց համար գրված օրենքներով։
Սակայն մեղավո՞ր է արդյոք ազատամարտիկը։ Ես նայում եմ դատախազի դեմքին և հասկանում` անմեղ է։ Նայում եմ դատավորի դեմքին և հասկանում` անմեղ է։ Նայում եմ ամբաստանյալին և հասկանում` բանտը հենց նրա տեղն է։ Որովհետև եթե «օրենքը» հասել է նրա դուռը, ինքը պետք է նստի։ Այսինքն, ինքը ոչ թե մարդ է, ում գլխին սարքել են, այլ մարդ է, ում հերթը հասել է։ Վոլոդյա Ավետիսյանին կարող էին սպանել, ինչպես մի քանի օր առաջ մանկապարտեզի մոտ սպանել են 55-ամյա Վարդան Թումանյանին։ Հայաստանում ազատամարտիկները վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարեն սպանվելու կամ դատապարտվելու միջև։ Վահե Ավետյանն էլ սպանվեց։ Սասուն Միքայելյանը դատապարտվեց։ Սպանվածներին դատապարտվածներից տարբերում է հրապարակային դիրքորոշումը։ Սպանվածները դիրքորոշում չհայտնածներն են։ Դա չի նշանակում, որ չեն ունեցել։
Հանրապետական իշխանությունը շտապում է։ Նրա քթի տակ է հնարավոր պատերազմում սեփական անզորության արտահայտումը։ Նա վերջին վախկոտի պես պետք է ցույց տա, որ ազատամարտիկն արժեք չունի։ Բանակի քաղաքացիական ղեկավարն ասում է, որ նա պետք է պատասխան տա։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա արարքը բացահայտվել է։ Իրականում` ոչ։ Նա բացահայտման համար չէ, որ պետք է պատասխան տա։ Այլ երամից դուրս մնալու համար։ Ենթադրենք, թե Վոլոդյան իսկապես խարդախություն է արել։ Իշխանությունը դա հասկանում է, ո՞վ չի խարդախում, երբ ձիու վրա է։ Բայց ինչո՞ւ է բոլոր ազատամարտիկներին ոտքի հանել և պահանջում բարեկեցիկ թոշակ։ Ինչո՞ւ է իր պահանջներով խարխլում ընտրովի բարեկեցության սահմանված խաղի կանոնները։ Չէ՞ որ իշխանությունը վաղուց արդեն որոշել է, թե ով պետք է լավ ապրի և ով` վատ։ Վոլոդյան պետք է դատապարտվի, որովհետև արտագաղթելու փոխարեն որոշել է բողոքել։ Նա պետք է դատապարտվի, քանի դեռ նրա բողոքն ընդվզում չի դարձել։ Նա պետք է դատապարտվի, որպեսզի երկրապահների մտքով էլ չանցնի մի օր միանալ ժողովրդին։ Իշխանություններն այս դատավճռով կանխում են ազատագրական շարժումը հենց երկրի ներսում։
Ըստ իս` ՀՀԿ-ի տեսանկյունից նայած, նրանք ճիշտ են վարվում, նրանք չեն կարող ջրցան մեքենաներ հանել Ազատության հրապարակի մի անկյունում բողոքող ազատամարտիկների վրա, բայց նրանք կարող են գործ սարքել։ Եվ հավանաբար, հենց դա էլ տեղի է ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ։ Այսինքն, մտադիր են եղել այս մարդուն սոցիալական բողոքի դաշտից տեղափոխել քրեական դաշտ։ Ինչո՞ւ ազատամարտիկները իր խնամքի տակ երեք երեխա ունեցողի ձերբակալությունից հետո այլևս փողոց դուրս չեկան։ Ավելին, ինչու բողոքողների մի մասը արտագաղթեց։ Ընդ որում` լուռ, առանց աղմուկ բարձրացնելու։ Բարեբախտաբար, իրենց մուննաթը երկրի երեսին չշպրտելով։ Բայց արդեն մի իսկական պարտություն ուսած։ Որովհետև «մեսիջը» ճիշտ հասկացան։ Նրանք հասկացան, որ պատերազմն ավելի փոքր հասկացություն է, քան թշնամին։ Եվ որ ամեն ինչ չէ, որ պատերազմ մղելով է որոշվում։ Նրանք, ի վերջո, հասկացան, որ Հայրենիքը բեռ է դառնում, երբ օրենքն ու իշխանությունը ոչ մեկին դեմքով չգիտեն։ Որովհետև կա նաև հարցի մյուս կողմը։ Բողոքի առաջին օրերին ազատամարտիկները լրագրողներին կոչ էին անում չքաղաքականացնել իրենց պահանջները։ Այդ կոչը Վոլոդյայի ապագա դատավճռի առաջին էջն էր, որը նա գրեց իր ձեռքով։
Հենց քաղաքականացնել էր պետք, որովհետև դուք ձեր պահանջը ներկայացնում էիք չընտրված իշխանություններին, դուք արդեն տեսել էիք, թե ինչպես են նրանք ձեզ օգտագործել տարբեր ընտրություններում, դուք հիմնականում լռել եք այդ խախտումների ժամանակ, որովհետև չեք ուզեցել քաղաքականացնել ակնհայտ քաղաքական հողի վրա արված օրինախախտումները։ Երկար տարիներ դուք հետևողականորեն, օր-օրի ավելորդ եք դարձել նրանց համար, որովհետև ձեզ շփոթեցրել է իշխանության անզեն կռիվը հասարակության հետ, ձեզ թվացել է, թե դա ձեր կռիվը չէ։ Դուք չեք հասկացել, որ թշնամին ազգություն չունի։ Որ իսկական թշնամին անզեն է լինում։ Երբ դուք փողոց դուրս եկաք, կառավարությունից բացի այլ թիրախ չունեցաք։ Ավելին, երբ Տիգրան Սարգսյանը ձեզ հրավիրեց զրույցի, նրանից բացի այլ խաբեբայի չտեսաք։ Երբ դուք ձեր պայքարն սկսեցիք, արդեն ուշ էր, որովհետև այլևս կռիվ չունեիք։ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը, փաստորեն, նաև դուք էիք գրել։
Մհեր Արշակյան










