Գլխավոր Լրահոս

Մոսուլում թուրքական հյուպատոսությունը՝ գրասենյակ «Իսլամական պետության» համար

Մոսուլում թուրքական հյուպատոսությունը՝ գրասենյակ «Իսլամական պետության» համար

Al-Monitor կայքում հուլիսի 17-ին լույս է տեսել սյունակագիր Ամբերին Զամանի հոդվածը՝ ««Իսլամական պետությունը» Մոսուլում թուրքական հյուպատոսությունն օգտագործում է որպես կենտրոնակայան» վերնագրով: Խոսքը մոտ մեկ ամիս առաջ IS` «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության գրավման մասին է. շենքը ծառայում է որպես խմբավորման գրասենյակ, որի վրա այլևս չի ծածանվում Թուրքիայի դրոշը: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Երբ «Ալ Կաիդայի» կողմից աջակցություն ստացող «Իսլամական պետության» (IS՝ նախկին ISIS, «Իսլամի և Շամի իսլամական պետություն») խորհրդավոր առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտնվեց հուլիսի սկզբին հրապարակված մի տեսանյութում, որում դիմում էր Մոսուլի մզկիթում հավաքված հավատացյալներին, իմաստունները հանդես եկան նրա խոսքերի և արտաքին տեսքի վերաբերյալ մեկնաբանություններով: «Արդյոք ինքնակոչ խալիֆի ժամացույցը «Ռոլե՞քս» էր: Եթե այո, ապա ինչպես էր դա համադրվում իսլամի ուսմունքի հետ»,- հարցադրում են արել նրանք:

Սակայն ոչ պակաս կարևոր մի մանրուք մնաց չնկատված: Բոցաշունչ ելույթից հետո Բաղդադիին արագ ուղեկցեցին դեպի IS-ի նոր կենտրոնակայան՝ Մոսուլում Թուրքիայի հյուպատոսություն: «Միանգամայն ճիշտ է, որ IS-ն օգտագործում է թուրքական հյուպատոսությունը որպես իր հիմնական կենտրոնակայան և որ Բաղդադին այնտեղ մի քանի ժամ է անցկացրել,- Al-Monitor-ի հետ զրույցում հաստատեց Մոսուլի նահանգապետ Աթիլ ալ Նուջաֆին,- դա նրանց գրասենյակն է»:

Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ հունիսի 10-ին IS-ը գրավել էր թուրքական հյուպատոսությունը՝ պատանդ վերցնելով այնտեղ գտնվող բոլոր 49 մարդկանց, այդ թվում՝ գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յիլմազին, Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարությունն ընդունեց օրենք, որն արդյունավետորեն արգելք սահմանեց ճգնաժամի վերաբերյալ ցանկացած հանրային բանավեճի կամ լուսաբանման վրա: Գրաքննության այս կոպիտ դրսևորման տրամաբանությունն այն է, որ պատանդների ճակատագրի քննարկումը կարող է վտանգի ենթարկել նրանց կյանքը: Չնայած այս փաստարկը որոշ չափով արդարացված է, ճիշտ է նաև, որ իրադրությունը Մոսուլում հսկայական խոչընդոտ է ԱԶԿ-ի կառավարության համար, ոչ պակաս նաև այն պատճառով, որ բացահայտում է անվտանգության համակարգի բացերը: Նուջաֆին Թուրքիայի լրտեսական գործակալության (MIT) հետ մեկտեղ IS-ի հարձակումից օրեր առաջ խորհուրդ էր տվել, որ հյուպատոսության աշխատակազամը տարհանվի, սակայն առաջարկի վրա, ըստ պնդումների, վետո է դրել արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Իրեն բնորոշ մեծամտությամբ Դավութօղլուն, ըստ հաղորդագրությունների, պնդել է, որ «թուրքական դրոշը պետք է շարունակի ծածանվել»:

IS-ը ոչ միայն հարձակվել է թուրքական հյուպատոսության վրա, այլև գրավել այն: Ջիհադականներին սադրելուց վախեցած՝ Թուրքիայի՝ հաճախ շատ գոռոզ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի բառ անգամ չի ասել: Դրան հակառակ՝ Էրդողանը զայրացել է նրանց վրա, ովքեր, նրա պնդմամբ, ցանկանում են, որ ինքը «սադրի» IS-ին: Եվ նա նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ ձեռնպահ մնան Իրաքում IS-ի վրա ցանկացած օդային հարվածից:

Վերջերս էլ նա անդրադարձել է IS-ին, որը Թուրքիայում պաշտոնապես հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն, որպես «մի կազմակերպության»՝ առանց լրացուցիչ որակումների: Ելույթ ունենալով իֆթար ճաշկերույթի ժամանակ՝ նա խնդրել է, որ IS-ն ազատ արձակի թուրք բոլոր պատանդներին: «Մուսուլմանը չպետք է դաժան լինի մեկ այլ մուսուլման եղբոր նկատմամբ»,- ասել է Էրդողանը: Քննադատները նշում են, որ Էրդողանը IS-ին անվանել է «եղբայրներ»:

Մինչդեռ Թուրքիայի և Սիրիայի քրդերը շարունակում են մեղադրել Էրդողանին, որ թույլ է տալիս IS-ին օգտագործել Թուրքիայի տարածքը՝ որպես «Ժողովրդական պաշտպանության խմբեր» (YPG) հայտնի՝ Սիրիայի քուրդ զինյալների դեմ արշավ իրականացնելու համար:

Ըստ հաղորդագրությունների՝ Թուրքիայի առնվազն 800 քրդեր վերջին օրերին հատել են սահմանը YPG-ի կողքին կռվելու նպատակով: Ակնկալվում է, որ հուլիսի 19-ին մոտ հազար քուրդ կմիանա նրանց:

Իսկ ի՞նչ թուրք պատանդներից: «IS-ն ասել է, որ «շուտով» ազատ կարձակի նրանց, սակայն դա մի քանի շաբաթ առաջ էր»,- ասաց Նուջաֆին: Ավելի հավանական է, որ IS-ը որոշ ժամանակ կբռնվի նրանցից, քանի որ, ինչպես պարզաբանեց Նուջաֆին, «ցանկանում է Թուրքիային հեռու պահել Իրաքից»:

Արևմտյան փորձառու պաշտոնյաները, որոնք մոտիկից հետևում են իրավիճակին, կարծում են, որ IS-ը թուրքերին ազատ արձակելու որևէ մտադրություն չունի, քանի որ դա ամենալավ ձևն է ապահովագրելու, որ Թուրքիան չի ձեռնարկի որևէ ռազմական գործողություն ջիհադականների դեմ:

Նրանցից մեկի խոսքով՝ Թուրքիան, ըստ երևույթին, կարծում էր, որ բարեկամական փոխըմբռնման պես ինչ-որ բան ուներ նրանց հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դրոշին, ապա, Նուջաֆիի փոխանցմամբ, այն այլևս չի ծածանվում հյուպատոսության շենքի վրա, IS-ն էլ դեռ չի բարձրացրել իր սեփական դրոշը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում