Գլխավոր Լրահոս

Երվանդ Զախարյանի փամփուշտը հայ կնոջ ճակատին

Երվանդ Զախարյանի փամփուշտը հայ կնոջ ճակատին

Երվանդ Զախարյանի ցինիզմը պակաս վտանգավոր չէ ադրբեջանական դիվերսիաների արդյունքում մեր զինվորների սպանություններից։ Այսօր նա թոշակառու կնոջ այն հարցին, թե ինչպես է իր թոշակով մուծելու թանկացող էլեկտրաէներգիայի գումարը, պատասխանել է. «Մի կերպ պետք է մուծեք»։ Տեսանյութն ուշադիր դիտողը կնկատի, որ սեփական քաղաքացիների դեմ ելած այդ դիվերսանտը դա անում է որոշակի քմծիծաղով, մոտավորապես այնպես, ինչպես ադրբեջանցի դիվերսանտներն էին Քարվաճառում իրենց իսկ նկարահանած տեսանյութում խոսում խորովածից ու «Ջերմուկից»։

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ վտանգի մեջ է Հայաստանը։ Սերժ Սարգսյանը պետական պաշտոններ է վստահել դիվերսանտներին։ Շամխորցու համբավ ունեցող էներգետիկայի նախարարը չի խոսում թոշակառուին մխիթարելու տնտեսական միջոցների մասին, միանգամից դատավճիռ է արձակում՝ մի կերպ պետք է մուծեք։ Բնականաբար հարց է ծագում՝ բա դու ինչո՞ւ ես մնում քո պաշտոնին, եթե թոշակառուն այլընտրանք չունի։ Բայց սրա պատասխանն էլ կա՝ Երվանդ Զախարյանը պաշտոնյա է հանցագործի նույն «պատասխանատվությամբ», ինչպես Սերժ Սարգսյանն է նախագահ, ինչպես Միհրան Պողոսյանն է ԴԱՀԿ ծառայության պետ։ Ոչ ոք չի էլ մտածում թոշակառուի վիճակն օր առաջ լավացնելու մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք պետական պաշտոնյաներ չեն։ Հիմնական շփոթմունքն այստեղից է՝ էլեկտրաէներգիան թանկացել է, որովհետև Ռուսաստանը Երվանդ Զախարյանին դեմքով գիտի։ Եթե չիմանար, որ իրեն «դիմադրողը» այդ մարդն է, չէր թանկացնի։ Սա փորձված հակամարդ է, այս մարդու գերդաստանում թոշակով ապրող մի մարդ չկա։ Ինքը վաղուց թոշակի տարիքի է, իսկ նրա ընտանիքի հայտարարագրված միջոցներով կարելի է փոխհատուցել Հայաստանի բոլոր թոշակառուների էլեկտրաէներգիայի ծախսը։ Նրա «մի կերպ պետք է մուծեք»-ը նույնն է, որ նրան ասես՝ մի կերպ պետք է ապրեք։

23-ամյա անկախ երկրում դեռ խնդիրը դրվում է այդպես՝ մի կերպ պետք է մուծեք։ Եթե մարդիկ ինչ-որ բան մի կերպ պետք է անեն, ուրեմն ինչ-որ բան հիմքից սխալ է։ 92-93 թվականին այս մարդը եղել է էներգետիկայի նախարարի տեղակալ։ Դրանից հետո նրան ուղղակի երկրից դուրս են արել։ Չորս տարի պաշտոնավարել է Մոսկվայում։ Այստեղից էլ գործուղվել է Հայաստան գլխավորելու «Հայտրանսգազը»։ Մի սխալն արդեն դա է, որ նա պետության «կայացման» հիմքերում է։ Պետության հիմքում այս մարդու քոքի պատվաստումը կանխորոշել է իրադարձությունների հետագա ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը, Սերժ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը այս նույն անպատասխանատվությամբ են պարազիտացել Հայաստանի Հանրապետություն կոչվող հողի վրա։ «Մի կերպ պետք է մուծեք» լսելուց առաջ քաղաքացու մոտ ոչ մի հարց պետք է չառաջանար։ Ինքը իրեն ու նախարարին պետք է ընկալեր որպես այնպիսի օրգանիզմ, որտեղ նախարարն ունի էլեկտրաէներգիայի թանկացած վարձը մուծելու նույն անհարմարությունը, ինչ՝ ինքը, քաղաքացին։ Իսկ ո՞ր դեպքում էր դա հնարավոր։ Դա հնարավոր էր միայն այն դեպքում, եթե կյանքում գոնե մեկ անգամ Երվանդ Զախարյանն ինքնակամ հրաժարական տված լիներ իր պաշտոններից որևէ մեկից, այլ ոչ թե՝ պաշտոնանկ եղած լիներ ու վերադարձած այն ոլորտ, որը ժամանակին ձախողել է։ Եվ պարզ է, որ այս դեպքում էլ Զախարյան Երվանդը հրաժարական չի տալու։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքը նախարար է առանց երկրի։ Նախարար է առանց Հայրենիքի։ Եթե նրան ցույց տաս ադրբեջանական վանդալիզմի արդյունքում ավերված որևէ հայկական եկեղեցու լուսանկար, ինքը դրան կնայի նույն անզգայությամբ, ինչպես այդ թոշակառու կնոջ թոռների սովալլուկ աչքերի մեջ կնայեր։

Հասկանու՞մ եք, իր խոսքերի արդյունքում բարձրացված աղմուկից հետո այդ մարդը ոչ թե ափսոսալու է, որ անհամ ձևով է պատասխանել, այլ մտածելու է, թե «էս ինչ ղալաթ արի՝ չարհամարեցի էդ պառավին»։ Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Երվանդ Զախարյանը ոչ մեկին երբևէ ոչ մի լավություն չի արել, դա նշանակում է, որ երբևէ մեղքի զգացում չի ունեցել։ Դա նշանակում է նաև,- և սա ամենասարսափելին է,- որ նրա շրջապատում չկան իրենից տարիքով մեծ կամ փոքր մարդիկ, նրա շրջապատում չկան երեխաներ և ծերեր։ Նրա շրջապատում կան միայն շահեր։ Երվանդ Զախարյանն ինքն իր երկիրն է, որն ըստ շահերի է հարաբերվում մյուսների հետ։ Այդ կնոջ հետ հարաբերությամբ նա ցույց տվեց, որ կինը Հայաստանն է, իսկ ինքը՝ Ռուսաստանը՝ մի կերպ պետք է մուծեք։ Այսինքն, ինքը էդ կնոջ դեսպանը չէ Ռուսաստանի հետ էներգետիկ բանակցություններում, ինքը հենց Ռուսաստանն է։ Ինքը իր թոշակառուին չի ներկայացրել, ինքը փաստարկներ չի ունեցել, այսինքն, իր երկրի տնտեսական հնարավորությունները բանակցությունների ամենասկզբից գնահատել է զրոյական և համաձայնել է թանկացմանը՝ այդպիսով էն գլխից իր փամփուշտն արձակելով այդ թոշակառու կնոջ ճակատին։ «Մի կերպ պիտի մուծեք»-ը օգոստոսի 1-ին տեղ հասնող փամփուշտն է։ Այսինքն, ես էդ խնդիրը չունեմ, Ես Հայաստանի ներկայացուցիչը չեմ, ես թռնող եմ էս երկրից։ «Մի կերպ»-ը Հայրենիք ունեցողի ողբերգություն է, «մի կերպ»-ը դեռևս Հայաստանում գտնվողին այլևս Հայաստանում տեսնելու ցանկություն չունեցողի հայհոյանքն է։ «Մի կերպ»-ը Հայաստանն է, որն ըստ ամենայնի ավելի ժամանակավոր է, քան Երվանդ Զախարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում