1994 թվականի մայիսին հաստատված անժամկետ հրադադարից ի վեր Հայաստան-Ադրբեջան եւ Արցախ-Ադրբեջան սահմաններում իրավիճակը երբեք այն աստիճանի չէր լարվել, ինչպես վերջին օրերին: Ադրբեջանական կողմը, սանձազերծելով նոր սադրանքներ ու գրոհներ, բազմաթիվ կորուստներ է կրել: Ըստ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալների, ադրբեջանական բանակը տվել է ավելի քան մեկ տասնյակ սպանված եւ բազմաթիվ վիրավորներ: Վերջին քսան տարիներին սա ադրբեջանական կողմի ամենալուրջ կորուստն էր: Դժվար է ասել` արդյոք սա դաս լինելու է՞ Իլհամ Ալիեւի համար, թե՞ ադրբեջանական կողմը շարունակելու է իրավիճակը լարված պահելու եւ հայկական գյուղերը գնդակոծելու, հայ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու իր քաղաքականությունը:
Ակնհայտ է մեկ բան եւ դա չեն կարողանում թաքցնել նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջին փոխհրաձգությունները, որոնք կարելի է համարել պատերազմ, ադրբեջանական կողմի համար եղել է սառը ցնցուղ: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ զոհը բանակում կատակ բան չէ: Եվ սա այն բանակում, որը, ըստ ադրբեջանական վստահեցումների ու սպառնալիքների, պետք է «ազատագրի Լեռնային Ղարաբաղն ու գրավյալ հողերը»: Ադրբեջանական բանակին, իրականում, միայն մեկ բան է հաջողվում` մի քանի ժամ շարունակ գնդակների տարափ թափել հայկական գյուղերի վրա: Ռուսական համերգային մի հայտնի խումբ, որը պետք է ելույթներ ունենար Բաքվում, հետաձգել է առաջիկա համերգը, քանի որ, Ադրբեջանում գրեթե սուգ է: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը, որը ավելի քան քսան տարի իր լուրերի թողարկումները պարտադիր սկսում է Արցախ-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ, մեկ օրով իր եթերից հանել է բոլոր երաժշտական հաղորդումները: Իլհամ Ալիեւի ավագ դուստրը` Արզուն, ֆեյսբուքյան իր էջում ռուսերենով գրել է. «Հավերժ հիշատակ հայրենքի համար զոհվածներին»:
Հուլիսի վերջին օրերին ես ՍիվիլՆեթի իմ լրագրող գործընկերների հետ հերթական անգամ մեկնեցի հայ-ադրբեջանական սահմանի ամենից վտանգավոր հատված` Տավուշի մարզի Բերդի շրջանի չորս գյուղեր` Չինարի, Մովսես, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր:
Այս գյուղերը, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերի ուղիղ կրակահերթերի տակ, խաղաղ կյանք չունեն արդեն ավելի քան քսան տարի: Մյուս կողմից, գյուղացիները պատմեցին, որ այնպիսի հրետակոծություն, ինչպես հուլիսի վերջին օրերին տեղի ունեցածն էր, տեսել ու ապրել էին միայն պատերազմի տարիներին: Իրականության մեջ, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի հատվածում պատերազմ է: Բարեբախտաբար, վերջին օրերի հրետակոծության հետեւանքով հայկական կողմը խաղաղ, քաղաքացիական բնակչության շրջանում չի տվել զոհեր եւ վիրավորներ: Սա նշանակում է, որ մեր գյուղերի բնակիչները կարողանում են ճիշտ ժամանակին պատսպարվել: Հայկական բանակը կորուստներ է կրել Արցախում: Վերջին օրերին սպանվել են երեք հայ զինվորականներ:
Այս օրերին շատ է գրվում, որ անհրաժեշտ է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինել: Սա շատ վտանգավոր մտայնություն է, որին Հայաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել: Հայաստանը ունի բանակ եւ պետք է մտածել բանակի մարտունակությունը բարձրացնելու, սահմանները ավելի լավ պաշտպանելու եւ վերահսկելու մասին: Հայաստան-Ադրբեջան սահմանները մասամբ պաշտպանում են պայմանագրային զինծառայողները, այսինքն` քաղաքացիական անձինք, ովքեր պետության կողմից ստանում են աշխատավարձ եւ պաշտպանում սահմանները: Պետք է մտածել այդ մարդկանց աշխատավարձերը բարձրացնելու եւ ընտանիքների ընկերային վիճակը բարելավելու մասին: Բացի այդ, կարելի է մտածել պայմանագրային զինծառայողների թիվը ավելացնելու մասին:
Այս օրերին, երբ սահմաններում պատերազմական վիճակ է, անհրաժեշտ է ավելի համապարփակ եւ իրականությանը համապատասխանող լրատվություն տալ: Այգեպար, Մովսես եւ հատկապես Չինարի գյուղերում բնակիչները ուղղակի զայրացած էին հայկական հեռուստաընկերությունների աշխատանքի վրա: Մարդիկ բողոքում էին, որ պետական քարոզչությունը ճիշտ չի ներկայացնում առկա իրավիճակը:
Իրականում, ինչպիսի իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմաններում եւ հայկական գյուղերում: Պետք է հավատալ, որ, իրոք, Հայաստանը եւ հայկական բանակը ամբողջությամբ վերահսկում է իրադրությունը: Ադրբեջանական կողմի վերջին օրերի կորուստները դրա ուղղակի հավաստիացումն է: Հայկական կողմի հայտարարված մարտավարությունը եւս արդարացված է` հարվածել ոչ թե ադրբեջանական խաղաղ բնակչությանը, այլ բանակին: Արդարացված է նաեւ անհամաչափ ուժ կիրառելու սկզբունքը, այսինքն` հայկական կողմից ամեն մի զոհի դիմաց ադրբեջանական կողմը պետք է կրի մի քանի զոհ:
Սահմանամերձ հայկական գյուղերում չկա խուճապային տրամադրություն, բայց կա տագնապ: Մարդիկ մտահոգված են: Մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու, արդյոք սահմանները լավ ե՞ն պաշտպանված, չկա՞ վտանգ, որ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերը կներթափանցեն հայկական գյուղեր եւ կսպանեն խաղաղ բնակիչներին: Մտահոգիչ է երեխաների վիճակը: Հայաստանի իշխանամետ հեռուստաընկերությունները եւ պաշտոնական քարոզչությունը չի անդրադառնում սահմանամերձ գյուղերի երեխաների խնդրին: Իրականությունն այն է, որ յուրաքանչյուր գնդակոծությունից հետո երեխաների հոգեկան աշխարհը տակնուվրա է լինում:
Գնդակոծությունը սկսվելուց հետո շատ երեխաներ լացում, աղաղակում են: Վերջին գնդակոծությունները, որոնց թիրախում էին սահմանամերձ Դովեղ, Բարեկամավան, Ոսկեպար, Մովսես, Այգեպար, Չինարի եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, անդադար շարունակվել են երեքից հինգ ժամ: Տասնյակ ծնողներ ինձ պատմեցին, որ իրենց երեխաները հիվանդություններ են ձեռք բերում: Այս մասին չպետք է լռել: Ավելին, այս մասին պետք է բարձրաձայնել ի լուր աշխարհի, ի լուր Հայաստանի եւ Սփյուռքի հայ ժողովրդի:
Վերջին օրերին հայ հասարակության, ավելի ճիշտ` սահմանամերձ գյուղերում քննարկվող թեմաներից մեկը բնակչության տարհանման խնդիրն է: Պետք է երեխաներին ու ծերերին ժամանակավորապես տարհանել, երբ հակառակորդը սկսում է գնդակոծությունը: Պետք չէ հատկապես երեխաներին թողնել կրակի տակ: Ավելին, հենց այդ երեխաների համար պետք է կազմակերպել հանգիստ Հայաստանի տարբեր ճամբարներում եւ դա պետք է անել անվճար: Սահմանամերձ գյուղերի երեխաների համար պետք է անվճար կազմակերպել տարբեր էքսկուրսիաներ: Դա կլինի փոքրիկ փոխհատուցում այդ երեխաներին ու նրանց ծնողներին, ովքեր ավելի քան քսան տարի ապրում, հող են մշակում եւ պահում Հայաստանի սահմանը:
Հատկապես այս տարի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը չկարողացան մշակել իրենց հողակտորները, քանի որ հակառակորդը թույլ չի տալիս: Չինարի գյուղում մենք մի քանի գյուղացիների հետ բարձրացանք այն տարածքներ, որտեղ ադրբեջանցիները գնդակոծել էին Կարմիր խաչի մեքենան եւ հունձի պատրաստվող կոմբայնը: Այսօր Չինարիի ու Մովսեսի տասնյակ հեկտար ցորենի արտեր չեն հնձվել: Պետությունը պարտավոր է այն գյուղացիներին, որոնց բերքը մնալու է դաշտում, արժանապատիվ փոխհատուցում տրամադրել:
Բավական է էժան քարոզչությամբ ու հայրենասիրական լոզունգներով «կերակրել» սահմանամերձ գյուղի հայ մարդուն: Այդ մարդն է Հայաստանի սահմանապահը: Այդ մարդը պետք է համոզված լինի, որ ինքը պետություն ունի:
Թաթուլ Հակոբյան










