Պատերազմի էթիկան
Պատերազմն ունի իր էթիկան, ինչպես խաղաղությունը։ Չի կարելի ուրախանալ թշնամու զոհերով, բավական է այն, որ նրանք արդեն զոհվել են։ Ձեր ուրախությունը ձեզ իրավացի չի դարձնում նրանց հիմարության առջև, այն ախտահարում է խաղաղության ձեր ձգտումը։
Ազատեք ձեր մտքերը հայրենասիրությունից, այն միշտ ավելի շատ փամփուշտի և ռումբի մեջ է, քան ձեր բնաշխարհի կամ գրադարանների։ Հայրենասիրությունը միշտ պահանջում է իր զոհերը ոչ միայն արտաքին ճակատում, այլև ներքին։ Համենայնդեպս, բարձրաձայն հնչող հայրենասիրությունը միշտ ավելի լավ գիտի նրանց, ում ուզում է խժռել։ Օսմանյան կայսրությունում չկար մի ոլորտ՝ բանկային, կրթական, մշակութային, որտեղ թուրքերն իրենց հայերի զոհը չզգային։
Եթե Հայրենիքը ձեր ուսերին է, հազիվ թե դուք էներգիա ունենաք այդ մասին բղավելու։ Հայրենասիրության մասին բղավում են նրանք, ովքեր այն ցած են նետել իրենց ուսերից։ Հայրենասիրություն ունեին հրեաները, երբ Հայրենիքը միայն անուն էր։ Մեր դեպքում հայրենասիրությունը նրանց հացն է, ում այն սնում է, ով անձամբ զոհվողը չէ։ Նույնիսկ բառերն առանց շահի չեն ասվում, շահից ապահովագրված է միայն ճշմարտությունը, որը բառերով ասելու բան չէ։ Քրիստոսը հավատաքննության հայրենասիրական օջախն էր 15-16-րդ դարերի Եվրոպայում։ Պատերազմի էթիկան առանց իմաստավորված խաղաղության գոյություն չունի։ Ծիծաղելի չէ՞ հայրենասիրությունից խոսել այն ամենից հետո, ինչ ձեր աչքի առաջ արեցին այս երկրի հետ՝ Թեղուտ, արտագաղթ, Մարտի 1, անընդհատ կեղծված ընտրություններ, Սերժ, Ալեքսանդր և Տիգրան Սարգսյաններ և այլն։
Մի՛ մտածեք, թե Ստալինը հրեշ էր, չնայած դրան, Ոգին պատերազմ հաղթեց։ Այդ ընթացքում Գուլագները չփակվեցին, եթե չասեմ, որ համալրվեցին պատերազմի հերոսներով, մատնությունները չէին դադարում խժռել մարդկանց, որոնք ֆաշիզմի դեմ ելնելով էին գծել խաղաղության և պատերազմի սահմանը իրենցից դուրս և իրենց մեջ։
Մեր տիպի երկրներում իշխանությունը ստեղծում է մի Հայրենիք, որի միակ բնաշխարհն ինքն է։ Հայրենասիրությունը խաղաղության օրոք իշխանության հետ ձեր տանուլ տված պայքարի ապաստարանն է, որտեղ դուք ի վերջո ճանաչում եք իշխանության առավելությունը։ Մի՛ պարծեցեք ազգի միասնությամբ պատերազմի օրերին. դա խոսում է այն մասին, որ խաղաղության օրերին դուք երկրի ներսում ամենուր կռիվ եք տեսել և մղել։ Միասնության այդ թմբկահարումը իշխանության հաղթաթուղթն է, ոչ թե ձեր։ Եթե ընդդիմադիրը պատերազմի օրերին խաղաղության ժամանակ իրեն հալածած իշխանության կողքին է, դա կարող է ավարտվել տոտալ մենիշխանության տրիումֆով, քանի որ «միասնության» համն ընկնում է իշխանության բերանը և նա անընդհատ կռիվներ է ուզում ու որոճում։
Եթե ձեր խաղաղությունը իմաստավորված չէ, պատերազմը ձեզ չի բավարարի, դուք ավելի հեռուն կգնաք, ինչպես գերմանացիները վարվեցին հրեաների հանդեպ։ Նշանակում է՝ առաջին կրակոցից առաջ և հետո ձեր խնդիրը խաղաղություն իմաստավորելն է։ Մի՛ ատեք թշնամուն, այն հավերժորեն հավաքական չէ գոնե նրա համար, ով այդ թատերաբեմում միակ կենդանի մնացողն է։ Եթե աշխարհը կլոր է, իսկ սահմանները՝ պայմանական, դուք ինչ-որ տեղ հանդիպելու եք նրան կամ նրա թոռանը, որը ձեզնից շուտ է գլխի ընկել ձեզ չատել։ Հիշեք, որ թշնամին նույնպես երեխաներ է ծնում, որի սկիզբը զուլալ է՝ առանց քաղաքական որևէ հրամայականի իմացության։ Եթե այդ կռիվը ձեր կյանքի պատերազմն է, պատրաստ եղեք տանուլ տալու բոլոր նրանց, ովքեր ապրելու են ձեզնից հետո։ Հայերի ցեղասպանությունը օսմանցիների կյանքի կռիվն էր։ Եվ Թուրքիան չգիտի, թե ինչպես դուրս գա դրա տակից։
Հիշե՛ք, պատերազմը ձեզ տալիս է ամեն ինչ լինելու ազատությունը՝ գազան, արյունռուշտ, սպանությանը սպանությամբ պատասխանելու բնազդ, բայց քանի դեռ պատերազմը չի սկսվել, ձեզ մի՛ պահեք այնպես, ասես հենց նոր եք հայտնվել այս մոլորակում և ձեզնից առաջ ոչ ոք չի խաչվել, չի գրել «Համլետ», «Տրոյական պատերազմը չի լինի» կամ «Երկիր Նաիրի», և Քարվաճառ մտնելիս ձեզնից առաջ ոչ ոք չի խնայել ադրբեջանցի ծերերին, կանանց և երեխաներին։
Հիշե՛ք, ատելության լեզուն զոմբիներ է ծնում, որոնք թիկունք չունեն, մայրեր չունեն։ Ատելության լեզուն արժեզրկում է քո իսկ՝ զինվորի մահը, որից առաջ կյանքն արդեն թողել էր մարմինդ։ Եթե ատելությունը լիներ զինվորի գործը, մայրերը ճակատ ճանապարհելուց առաջ չէին համբուրի իրենց որդիներին։ Չէ որ համբույրի մեջ է վերադարձի աղոթքը, և, ըստ ամենայնի, մտոք առողջ վերադարձի աղոթքը։ Հիշեք, դուք հակառակորդին հիմնականում դեմքով չգիտեք, դուք արդեն զինվոր եք և ձեր ձեռքին պաշտպանվելու և սպանելու ժամանակակից գործիքներ կան։ Քաղաքակրթության զենքերն ատելության զենքեր էին մինչև առաջին ատրճանակը, այսօր սպանելու համար դուք ունեք «թշնամի» բառը, դուք այսպես թե այնպես նրան կսպանեք կռվի դաշտում։ Եթե Հայրենիքը ձեր անվտանգության իմունիտետն է, դուք կիմանաք, թե ինչու են սպանում թշնամուն։ «Թշնամի» բառից առաջ է, չէ՞, ասվել՝ սրով եկողը սրից կընկնի։ Նշանակում է, դուք սահմանափակված եք մի ընկալումով, որով թշնամուն հակադարձելուց հետո դուք պահպանում եք ապրելու բարոյականությունը։ Եթե ապրելու անունը գոյության պայքար է, մի՛ ընդդիմացեք, երբ գրադարաններ են ոչնչացվում և մի՛ փնտրեք ձեր ընկերների ողորմածությունը խաղաղության ծանր ժամերին։ Ինչ-որ իմաստով, «շանսատակ անելու» աշխուժությամբ ճակատ մեկնելը հենց գրադարանները ոչնչացնելու արձագանքն է, երբ միևնույն է, թե այնտեղից ուր ես վերադառնում՝ Հայրենիք, թե անապատ։ Անկասկած, մի մռոացեք, որ թշնամին այլ առաքելություն չունի, քան ձեզ ոչնչացնելը, բայց դա նաև ձերը կլինի, եթե դուք պատերազմի գնաք անապատներ ստեղծելու գործը մինչև վերջ արած։ Պատերազմի էթիկան քո վերջին հաղթաթուղթն է խաղաղության օրոք թշնամուց եղբայր չստանալու գործում։
Թեմա
Մհեր Արշակյան










