Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին օգոստոսի 6-ին ստորագրել են երեք ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր:
Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ և Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50 մլն դոլար արժողությամբ վարկ: Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:
ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը: Ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 32,67 մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23 մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9,67 մլն դոլարին համարժեք 6,26 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40 մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:
Civilnet











