Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` քաղաք Սոչի: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորադագրության համաձայն` օգոստոսի 9-ին կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը»,- ասված է ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ գրել էր ռուսական «Կոմերստանտ» պարբերականը` վկայակոչելով Կրեմլում իր աղբյուրը: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում:
Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից։
Շփման գծում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել ԵԱՀԿ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ը։
Civilnet











